Հավատարիմ Չալոն Նիկոլ Փաշինյանի արշավախմբի հետ հասել է Երևան
Մարտի 31-ին Երևանից քայլերթով դուրս եկած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն ու նրանց համախոհները վերադարձան Երևան:
Քիչ առաջ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում դիմավորեցին մի խումբ համախոհներ, ովքեր խմբի հետ միասին շարժվում են դեպի Ազատության հրապարակ:
Թե կոնկրետ ինչ են անելու նախաձեռնության անդամները՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում չմանրամասնեց.
«Լինենք 5 հոգով՝ կանենք 5 հոգու հնարավորությունների սահմանում գործողություններ, 100 հոգով՝ 100-ի, իսկ 100 000-ի դեպքում կանենք հեղափոխություն... սպասեք և կտեսնեք»,-հորդորեց Փաշինյանը:
Արշավախումբն իրեն միացած նոր քաղաքացիների հետ միասին առաջ է շարժվում «Քայլ արա, մերժիր Սերժին» կարգախոսով:
Նկատենք նաև, որ նրանց ողջ երթի ընթացքում ուղեկցել է Չալո անունով շունը, որը հավատարիմ մնալով խմբին՝ նրանց հետ մտավ Երևան:
Հիշեցնենք, որ նախաձեռնող խմբի քարտեզի համաձայն՝ այսօր՝ ապրիլի 13-ին, ժամը18:30-ին, նախատեսվում է հանրահավաք Ազատության հրապարակում: