Ուկրաինան պատրաստվում է դուրս գալ ԱՊՀ-ից և վերանայել ԱՊՀ-ի հետ կապված բոլոր պայմանագրերը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կառավարությանը հանձնարարել է պատրաստել առաջարկություններ ԱՊՀ կանոնադրական մարմիններում երկրի մասնակցությունը պաշտոնապես դադարեցնելու մասին: Այս մասին հաղորդում է UNIAN- ը:
«Հաշվի առնելով այն փաստը, որ Ուկրաինան երբեք չի եղել ԱՊՀ անդամ և այս կառույցի՝ ռուսական ագրեսիան դատապարտելուց հրաժարվելը՝ ես կխնդրեի, որ մենք կառավարության հետ համատեղ պատրաստեինք առաջարկություններ ԱՊՀ կանոնադրական մարմիններում երկրի մասնակցությունը պաշտոնապես դադարեցնելու, ինչպես նաև Մինսկի համապատասխան ինստիտուտներում Ուկրաինայի ներկայացուցչության փակման մասին», – ասել է Ուկրաինայի նախագահը:
Նա հավելել է, որ բոլոր պայմանագրերը, որոնք կնքված են Ուկրաինայի կողմից ԱՊՀ շրջանակներում, պետք է ստուգվեն ազգային շահերին համապատասխանության տեսանկյունից: