Գնում եմ Ծռերիս տեսնեմ ու հայացքով պատմեմ նրանց էն բոցաշունչ կրակի մասին, որ վառեցին իմ սրտում. Արաքսի Գրիգորյանը հայրենիք է վերադառնում (ֆոտո)
«Սասնա ծռերի» Լոս Անջելեսի մասնաճյուղի անդամ Արաքսյա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ վերադառնում է հայրենիք՝ Հայաստան, և արդեն ոչ որպես զբոսաշրջիկ:
«Ժամեր անց ինքնաթիռս վայրէջք կկատարի Զվարթնոց օդանավակայանում ու ես, առաջին անգամ, ոտք կդնեմ Հայաստան ոչ իբրև զբոսաշրջիկ։ Գնում եմ ապրելու իբրև երկրիս լիիրավ քաղաքացի։ Գնում եմ սեփական մաշկիս վրա զգալու այն բոլոր դժվարություններն ու խոչընդոտները, որ ամեն օր ստիպված են լինում հաղթահարել տեղի հայրենակիցներս։ Գնում եմ միանալու ընկերներիս պայքարին, դառնալու շարժման մի մասնիկը ու արդեն տեղում՝ երկրիս իմ բաժին հողի տիրոջ իրավունքով, տեր կանգնելու իմ ու մեր իրավունքներին։ Գնում եմ, որ սպասեմ․․․ սպասեմ ու դիմավորեմ այն հայերին, որ դեռ պիտի տուն դառնան, որ դեռ պիտի բռունցքվենք, հզորանանք ու մի վերջին զարկ հասցնելով ազատենք երկիրը ազգադավ տականքներից։ Գնում եմ Ծռերիս տեսնեմ ու հայացքով պատմեմ նրանց էն բոցաշունչ կրակի մասին, որ վառեցին իմ սրտում՝ ապստամբության օրերից սկսած։ Օրհնված լինելով հրաշալի ընկերներով Միացյալ Նահանգներում, որոնց շնորհակալ եմ լինելու մինչև կյանքիս վերջը, գնում եմ տուն․․․ տանս դուռն ու սիրտս բաց պահելով նրանց բոլորի առաջ։
Ես գնում եմ ՏՈՒՆ․․․
ԳՆՈՒՄ ԵՄ, ՈՐ ԳԱՆ․․․»: