Հայաստանը նստել է սելի հովին, կարծում է, թե պոչի հովն է
Freedom House-ը գնահատել է աշխարհում ժողովրդավարության ընթացքը. Հայաստանի համար նրա գնահատականը դրական չէ։ Ըստ այդ գնահատականի՝ ժողովրդավարության ոլորտում Հայաստանը նախորդ տարվա համեմատ զիջել է դիրքերը և մի շարք այլ պետությունների նման կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առաջ։
Բացի այդ, Հայաստանը փորձում է քողարկել ավտորիտարիզմը և նվազագույն չափով չի համապատասխանում ընտրությունների վրա հիմնված ժողովրդավարության չափանիշներին:
Ի դեպ, Էդուարդ Շարմազանովը, պարզվում է, Freedom House-ի կարծիքը բոլորովին էլ չի կիսում, և նա հրապարակ է բերել, թե՝ գիտե՞ք՝ ՀՀԿ-ին եկել են տեսնելու անգամ աշխարհի այն մյուս ծայրից՝ տիկին Մոգերինիից, պարոն Յագլանդից, ԵԽԽՎ գործընկերներից, Միացյալ Նահանգների դեսպանից, միջազգային դիտորդական առաքելություններից։
Արևմտյան այս աստղաբույլը, ըստ նրա, եկել է Հայաստանին շնորհավորելու ժողովրդավարության առաջընթացը, արդար ընտրությունները, թափանցիկ ունեցվածքները և ծախսերը։
2015-ին Freedom House-ը ՀՀ-ն գնահատել էր մասամբ ազատ, իսկ այս ընթացքում Հայաստանի ժողովրդավարությունն անկում է ապրել և արդեն գնում է ավտորիտարիզմի ճանապարհով։
Իսկ վերջին տարիներին, ՀՀԿ-ի ձեռամբ հաստատվել է կոռուպցիան, մամուլի, հատկապես հեռուստաընկերությունների՝ կախվածությունը, համացանցը վերահսկվում է, որի համար հենց պետական բյուջեից հսկայական գումարներ են տրամադրվում և այսպես շարունակ։
Իսկ ինչո՞ւ է այս պարագայում Հայաստանը շարունակում մնալ Արևմտյան երկրների ուշադրության կենտրոնում, քանի որ Արևմուտքում հասկանում են, Հայաստանը գտնվում է Ռուսաստանի ազդեցության, կախվածության տակ, և այս խնդիրն այլ լուծում չունի բացի այն, որ պետք է Հայաստանի հետ կապը չկտրել՝ ընդամենը։
Այնպես որ՝ Հայաստանը նստել է սելի հովին, սակայն կարծում է, թե պոչի հովն է։