Նոր սկանդալ Իսրայելում․ սպանված պաղեստինցին ու զինվորի ուրախությունը
Իսրայելում մեծ սկանդալ է հասունացել՝ կապված մի հոլովակի հետ, որը նկարահանվել է զինվորականների կողմից: Տեսահոլովակում իսրայելցի զինվորն իր ուրախությունն է հայտնում, որ իրեն հաջողվել է նկարահանել այն պահը, երբ դիպուկահարը սպանում է մի պաղեստինցու:
Շատ իսրայելցի քաղաքական ու հասարակակսն գործիչներ քննադատել են հոլովակը, իսկ Իսրայելի զինված ուժերը խոստացել է քննություն անցկացնել՝ հոլովակի հետ կապված: Իսրայելի պաշտպանության նախարարն իր հերթին գովել է դիպուկահարին, սակայն հավելել, որ զինվորն իրավունք չուներ նկարահանել ու տարածել այդ հոլովակը:
Առաջին անգամ՝ երկուշաբթի օրը, իսրայելական Channel 10 հեռուստաալիքի եթերով հրապարակվեց տեսահոլովակը, որից հետո այն լայն տարածում գտավ: Հոլովակում երևում է, թե ինչպես երեք հոգի մոտենում են արգելապատնեշին, այնուհետև կրակոցի ձսյն է լսվում և տղամարդկանցից մեկն ընկնում է գետնին:
Նկարահանող զինվորն անվայելուչ արտահայտություններով իր ուրախությունն է հայտնում՝ պաղեստինցի տղամարդու մահվան հետ կապված: Իսրայելի զինված ուժերից տեղեկացնում են, որ դեպքը տեղի է ունեցել 2017 թվականի դեկտեմբերին՝ Իսրայելի Կիսուֆիմ շրջանում, որը գտնվում է Գազայի հատվածի սահմանին: