Իգնատի Առաքելյանը փրկում է «Սպայկա»-ի դեմքը
Օրերս «Ռուսսելխոզնադզոր»-ի պաշտոնական կայքում տեղեկություն կար, որ ապրիլի սկզբներին, 6 օրվա ընթացքում, Հայաստանից արտահանվել է 2.000 տոննա լոլիկ։ Նման քանակը ռուսական կողմին անհանգստացրել է և ստիպել տարբեր ենթադրություններ անել, այդ թվում՝ թուրքական լոլիկի՝ Հայաստանից վերաարտահանման հարցը, որը մեկ անգամ չէ, որ շրջանառվում է։
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանը, նաև պաշտոնատար անձինք, այցելել են «Սպայկա» ընկերության ջերմոցներ, որտեղ աճեցվում է բանջարաբոստանային տարբեր կուլտուրաներ, այդ թվում՝ լոլիկ և վարունգ։ «Սպայկա»-ի ողջ ջերմոցային էպոպեայով փորձում են համոզել, որ «Սպայկա»-ն լայնատարած և մեծածավալ ջերմոցներ ունի, որտեղ օր ու գիշեր զբաղված են հատկապես լոլիկ հավաքելով։
Նշենք, որ 2015թ.-ին Հայաստանից արտահանվել է ընդամենը 300 տոննա լոլիկ, իսկ հետո լոլիկի արտահանման թվերը աստղաբաշխական հաշվարկներով ավելանում են։
Նախ, թվային նման մանիպուլյացիան ուղղված էր պարզապես թվերի աճին․ լոլիկի փոխարեն թվերն էին աճում, իսկ 2018թ.-ի ապրիլյան «լոլիկային բումն» արդեն ռուսների մոտ կասկածներ առաջացրեց: Եթե 2016թ.-ի բազմահազարանոց արտահանումները ռուսական կողմից արձագանք չունեցան այն պարզ պատճառով, որ ռուսների մոտ բազմատոննայանոց լոլիկի ներկրում Հայաստանից չէր գրանցվել, իսկ այս տարի արդեն իրական թվեր են, որոնք ռուսական կողմի մոտ կասկածներ է առաջացրել՝ Հայաստանն ունի՞ այդքան լոլիկային պոտենցիալ, թե՞ ոչ։
Դեռևս մեծաքանակ լոլիկի պատմությունը լուծում կունենա, իսկ մինչ այդ Իգնատի Առաքելյանը փորձում է «Սպայկա»-ի դեմքը փրկել, չէ՞ որ տարիներ առաջ նախկին նախարար Սերգո Կարապետյանը «Սպայկա» ընկերության գործադիր տնօրենին ոսկե ժամացույց է նվիրել, իսկ ընկերության խաբեության բեռի մի մասը, եթե խաբեությունը ապացուցվի՝ ընկնելու է նաև գյուղատնտեսության նախարարության ուսերին։