Ճայթուկ-պայթուկներ, փակվող տեսախցիկներ ու միայն շոու․ արշավախումբը կգնա, կրկեսը կմնա
Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունը նիստի ժամանակ «ըմբոստացել է»։ Մասնավորապես՝ «Ելք» խմբակցության պատգամավորներ և «Իմ քայլը» նախաձեռնության անդամներ Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը վառել են գունավոր ծուխ արձակող ճայթուկներ։
Արարատ Միրզոյանը, մինչ ճայթուկների վառելը, կոչ է արել բոլորին՝ միանալ իրենց նախաձեռնությանը և ազատության ջահ վառել Օպերայի մոտ։ Ճայթուկները վառելուց հետո, պատգամավորներից մի քանիսը լքել են դահլիճը։
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ հեգնել է, թե՝ շոուն չստացվեց և հորդորել բացել դռները՝ օդափոխության համար։
Այստեղ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ հիշել է, որ ինքը նաև բժիշկ է ու վկայակոչելով իր մասնագիտությունը՝ հայտարարել է, թե ակցիան հրդեհավտանգ էր և առկա էր նաև թունավորման հավանականություն։
Երգչուհի-պատգամավոր Շուշան Պետրոսյանն էլ իր կարծիքն է հայտնել․ «Այսպես չեն պայքարում»։
Ի՞նչ խոսք, սա թերևս վերջին ժամանակահատվածում երգչուհու կողմից արված միակ ամենաճիշտ դատողությունն էր։
Իհարկե, խորհրդարանում ճայթուկներ վառելով ու ոչինչ չասելով՝ չեն պայքարում։ Պարզապես հայտարարություն անելու և Ազատության հրապարակում մարդ հավաքելու համար հարկավոր է ո՛չ թե ճայթուկներ, այլ մարդկանց սրտում հույս վառել ու հավատ ներշնչել նրանց իրենց գործով։
Վստահություն չի ներշնչում նույնիսկ իրեն թունդ ընդդիմադիր պատկերացնող ու իրեն այդպես ներկայացնող Նիկոլ Փաշինյանի արշավը։ Դա թերևս ակնհայտ է այն աստիճան, որ նրա ձնագնդի էֆեկտը չաշխատեց։ Նա իր պատկերացրած բազմությունը չհավաքեց ճանապարհին ու Երևան է հասնելու գրեթե այն արշավախմբով, որով դուրս եկավ մայրաքաղաքից։ Այստեղ ուշագրավ է այն, որ լեգիտիմության համար պայքարող Փաշինյանն օրենքներ խախտելով է գալիս։ Չենք քննարկում, թե որքանով է հիմնավորված փողոցների տեսախցիկների անհրաժեշտությունը: Հարցն այստեղ այն է, որ դրանք օրինական են տեղադրված և, փաստորեն, տեսախցիկները փակելով՝ Փաշինյանն օրենք է խախտում։ Եթե սա լիներ մեկ այլ պարագայում և մեկ այլ մարդու հետ՝ օրինախախտները հենց հաջորդ պահին առնվազն բերման կենթարկվեին, բայց Փաշինյանն իր արշավախմբով դեռ շրջում է գյուղից գյուղ ու սյուների վրա մագլցում՝ տեսախցիկներ փակելու համար։ Դե արի ու վստահիր․․․
Ու եթե «Ելք»-ի անդամները «դատափետում» ու ծաղրում էին «Երկիր Ծիրանիի» կանանց մասնակցությամբ՝ կոյուղաջրերի հետ կապված միջադեպը, ապա պետք է նայեն իրենց կազմակերպած համանման «հոտավետ ահաբեկչությանը»։ Այս ամենը միմյանց շարունակող ու լրացնող խեղկատակություն է։ Այստեղ միայն Գոռ Վարդանյանն էր պակասում, որ փրկեր «տուժածներին ահաբեկիչներից», թեև Երևանի ավագանու նիստերի դահլիճի համեմատ, ԱԺ դահլիճն գրեթե դատարկ էր։ Ինչևէ․․․ այս խեղկատակությունն ու կրկեսը կարծես վերջ չունի և արդեն նյարդայնացնում է, քանի որ ասելիք ու անելիք չկա՝ միայն աղմուկ և արդյունք չկա։
Փաշինյանը գուցե իր արշավախմբով գա, մտնի Ազատության հրապարակ, խոսի, հետո գնա Բաղրամյան՝ ԱԺ ու փորձի խանգարել, բայց միայն այդքանը՝ ուրիշ ոչինչ։ Եվ ամեն ինչ կմնա նույնը․․․
Այս ամենն, իհարկե, մարդկանց հիշողության մեջ կմա միայն որպես շոու՝ արշավախումբը կգնա, իսկ կրկեսը կմնա նոր արշավախմբի համար։