Վերադարձ 5-ամյա դադարից հետո․ Ի՞նչ պետք է անի Վարդան Մինասյանը
2013 թվականի հոկտեմբեր ամսին հրաժարական տվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։ Արդեն 5 տարի է, ինչ մեր հավաքականը դեգերումների մեջ է։ Հավաքականը չի կարողանում խաղալ այն խաղը, ինչ խաղում էր Վարդան Մինասյանի օրոք։
Հանուն արդարության պետք է նշել, որ մեր հավաքականի «ոսկե դարը» Վարդան Մինասյանի ժամանակաշրջանն էր։ Այդ տարիներին և՛ հավաքականի ֆուտբոլիստներն էին գտնվում իրենց բարձունքում, և՛ Վարդան Մինասյանն էր շատերին հիացնում իր մարզչական աշխատանքով։
Ինչպես քիչ առաջ հայտնեցինք, մեր հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվեց Վարդան Մինասյանը։ Այս լուրը կուրախացնի մեր հավաքականի երկրպագուներին, հասարակությանն ու նաև ֆուտբոլիստներին։
Միայն ապագան ցույց կտա, թե ինչպես կաշխատի մեր մարզիչը, սակայն մի քանի կետ կա, որոնց պետք է ուշադրություն դարձնել։
Նախ պետք է հաշվի նստել ժամանակի հետ։ Մինասյանը հավաքականին հրաժեշտ տվեց 5 տարի առաջ ու արդյունքում այդ թիմի ֆուտբոլիստներից շատերն արդեն մեծացել են 5 տարով, կորցրել են իրենց լավագույն որակներն ու շատերն անգամ կամաց-կամաց նախապատրաստվում են հրաժեշտ տալ ու իրենց տեղը զիջել երիտասարդներին։
Շատերն այս նշանակումից հետո կհասկանան միայն, որ իրականում այդ 5 տարին, որոնք անցան դեգերումների մեջ, մեծ վնաս հասցրին ֆուտբոլիստներին։ Մինասյանը պետք է կատարի կադրային փոփոխություններ։ Նա պիտի փնտրի ու հավաքական բերի ուժեղ տղաների, իսկ այդպիսի տղաները փաստացի շատ են, ովքեր խաղում են ամերիկյան կամ այլ առաջնությունում։
Շատերն անհամբեր կսպասեն նաև Յուրա Մովսիսյանի ու Ռոբերտ Արզումանյանի վերադարձին։ Շատ բարդ է հստակ ասել, թե ի՞նչ կլինի այս երկու տղաների հետ, քանի որ նրանց հարցով հավաքականի մարզիչները չեն զբաղվում։
Իսկ առջևում հանդիպումներ են, մրցաշարեր։ Մինասյանը լավ գիտի, թե ինչպես պետք է մոտիվացնել հայ տղաներին, ինչպես պետք է խաղալ տակտիկայով, ինչպես պետք է հարձակվել անգամ շատ ուժեղ մրցակիցների դեմ հանդիպումներում։ Մինասյանի արյան մեջ մեր հավաքականի ԴՆԹ-ն է, ու նա լավ գիտի իր անելիքը։
Ժամանակին Մինասյանն իր թիմը կառուցեց զրոյից, նա բացահայտեց ուժեղ տղաների, որոնցից շատերն էլ մարեցին Մինասյանի հեռանալուց հետո։ Հիմա նույնպես կառուցողական ժամանակ է, սակայն ի տարբերություն նրա առաջին կառուցողական ժամանակաշրջանի, հիմա կան ամուր հիմքեր, որոնց հիման վրա կարելի է ներգրավել նոր կադրերի ու ունենալ ուժեղ հավաքական։
Փաստացի այս նշանակման դրական ու բացասական կողմերը կտեսնենք ապագայում։