Մալդինին Իտալիայի հավաքականի մարզի՞չ
Ֆուտբոլի այս տարվա Աշխարհի առաջնությանը սպասում են բոլորը, բայց ոչ իտալացիները, քանի որ Իտալիայի հավաքականը դուրս մնաց Աշխարհի առաջնությունից։
Իտալիայի հավաքականի մարզչի հարցը շարունակում է մնալ ամենաքննարկվողներից։ Իտալական սպորտային պարբերականները շարունակում են ներկայացնել այն մարդկանց, ովքեր կարող են գլխավորել հավաքականը։
Քննարկվում է Ռոբերտո Մանչինիի անունը։ «Սևիլիայի» գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելլան նույնպես խոսել է հավաքականը գլխավորելու մասին։ Վերջին 2 օրում իտալական սպորտային պարբերականները խոսում են «Միլանի» լեգենդար պաշտպան Պաոլո Մալդինիի մասին, ով կարող է գլխավորել հավաքականը։
Ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո իտալացին շատ հաճախ է քննադատում իր հարազատ ակումբին՝ «Միլանին»։ Անգամ առաջարկի դեպքում նա չի միացել իր հարազատ ակումբին, որտեղ պետք է զբաղեցներ ակումբի տնօրենի պաշտոնը։ Սակայն վերջին շրջանում նրան շատ հաճախ են հանդիպում «Սան-Սիրո» մարզադաշտում, քանի որ «Միլանի» գլխավոր մարզիչը Ջենարո Գատուզոն է, ով Մալդինիի ընկերն է ու մոտիվացրել է ակումբին։
Հավելենք նաև, որ Մալդինին ինքն է խոսել նաև հավաքականը գլխավորելու մասին ու նշել, որ մտածում է այդ մասին։