Ախալցխայի հայկական դպրոցի տնօրենը «հանձնվեց». NEWSPRESS-ի անդրադարձն անպտուղ չմնաց
Ախալցխայի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հանրակրթական դպրոցի տնօրեն Սուսաննա Ակոպովան տեղի է տվել:
NEWSPRESS.am-ն անդրադարձել է խնդրին, որ Վրաստանում Թուրքիայի դեսպանի՝ Ախալցխա կատարած այցից հետո, տեղի հայկական դպրոցում հակահայկական տրամադրություն է ստեղծվել: Մասնավորապես տնօրեն Ակոպովան ժողով է կազմակերպել և հայտարարել, թե պետք է երեխաների միջից Ցեղասպանության թախիծը հանել:
Մեր կայքում խնդիրը մի քանի անգամ բարձրացվել է: Մեզ հետ հարցազրույցում էլ Ակոպովան պնդում էր, թե ինքն ուզում է պարզապես փոխել տարելիցի առիթով կազմակերպվող միջոցառումների ձևաչափը:
Թե ինչո՞ւ էր Ակոպովան կաշվից դուրս գալիս՝ Վրաստանի իշխանություններին հաճոյանալու համար, դրան ևս անդրադարձել ենք: Բայց գովելին այն է, որ մեր հրապարակումների շարքն անտարբեր չթողեց ո՛չ լրատվական այլ միջոցներին, ու ո՛չ էլ պատկան մարմիններին:
Ու թեև Ակոպովան փորձեց մեր դեմ օգտագործել իր բոլոր հնարավոր ու անհնարին լծակները՝ այնուամենայնիվ մեզ հաջողվեց խնդիրը վեր հանել ու հարցին լուծում տալ:
Խնդրին անդրադարձել էր նաև Սամցխե Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը, ով մեզ հետ զրույցում հայտնելով իր դիրքորոշումը՝ նշել էր, որ ճիշտ չի համարում փոխել 90-ականներից հիմք դրված միջոցառումների կազմակերպման ձևաչափը: Նա մասնավորապես ասել էր.
«Եթե այդ ֆորմատին ցանկանում են նաև այլ միջոցառումներ ավելացնել, մենք միայն կողջունեք, բայց խախտել արդեն իսկ ձևավորված միջոցառումների շարքը՝ դրանք կրճատելով, ես ճիշտ չեմ համարում»:
Այժմ տնօրեն Սուսաննա Ակոպովան տեղի է տվել: Նա, հավանաբար, համայնքի զայրույթն է՛լ ավելի չշարժելու և խնդիրը էլ՛ ավելի չբարդացնելու համար, որոշել է ո՛չ միայն միջոցառում կազմակերպել նույն ձևաչափում, այլև դրան հավելել նորը՝ դասալսումների տեսքով:
Ուզում ենք հուսալ, որ Ակոպովայի որոշումը կմնա անքակտելի և առաջիկայում նոր «անակնկալներ» չեն լինի: Ի վերջո, ինչպես ասում են՝ համայնքը զորավոր է, և շատ հարցերում հենց նա պետք է ոտքի կանգնի ու խնդիրներին լուծում տա:
Արմինե Մկրտումյան