Լավ մեկնարկ, հետընթաց, հիասթափություն. ինչո՞ւ հրաժարական տվեց Արթուր Պետրոսյանը
Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր հրաժարական տվեց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը: Այս հրաժարականը սպասելի էր, սակայն ավելի անսպասելի է նոր մարզչի նշանակումը, քանի որ երկրպագուներն ու ֆուտբոլասերները ցանկանում են տեսնել ուժեղ մասնագետի:
NEWSPRESS.am Sport-ը ներկայացնում է պատճառներ, թե ինչո՞ւ հրաժարական ներկայացրեց Պետրոսյանը:
Արթուր Պետրոսյանի լավ մեկնարկը խոստումնալից էր, սակայն կամաց-կամաց այդ մեկնարկի մասին խոսակցությունները մարեցին, ու արդյունքում հավաքականը մնաց նույն կոտրած տաշտակի առաջ: Հավաքականում հետընթացը շատ արագ ընթացք ստացավ: Վերջին ընկերական հանդիպումների ժամանակ ամեն ինչ պարզ էր: Թիմը չի կարող դիմակայել անգամ շատ թույլ հավաքականների: Խաղադաշտում անկառավարելի վիճակ էր, ֆուտբոլիստները չէին հասկանում, թե ինչ պետք է անեն, իսկ մեր մարզչական շտաբը կրկնում էր, որ սա ուղղակի տակտիկական փոփոխությունների ու նոր ֆուտբոլիստների նորամուտի հետ է կապված:
Արթուր Պետրոսյանն ինքն էլ տեսավ, որ այս իրավիճակում ելք չկա, քանի որ հավաքականի խաղը կտրտված է, չկա հստակ գործողություն, չկա հստակ առաջադրանք, իսկ ֆուտբոլիստներն ուղղակի վազում են ու փորձում անելանելի վիճակից ինչ-որ մի ելք գտնել: Այս պարագայում ոչինչ չէր մնում, քան վայր դնել մարզչի պաշտոնը: Մյուս կողմից՝ Պետրոսյանի օրոք հավաքականը չունեցավ մարզչական ձեռագիր: Ամեն ինչ թողնված էր բախտի քմահաճույքին: Չկար տակտիկա, թիմային խաղի հստակ ձեռագիր, մարզչական առաջադրանք: Թերևս մարզչական առաջադրանքի մասին խոսելիս պետք է խոսել Հենրիխի մասին, ով մինչ վերջին ընկերական խաղերը կատարում էր գրոհ սկսելու պարտականություն:
Ու փաստացի Հենրիխը կտրված էր առջևի գծից, քանի որ գրոհ կազմակերպող ֆուտբոլիստը, սովորաբար, գործում է հենակետային գոտուց առաջ, իսկ մեր հավաքականում գնդակը, սովորաբար, լինում էր մեր տուգանային հարապարակի դիմաց, իսկ Հենրիխը չէր կարող ամեն անգամ այդ գնդակը վերցնել, կտրել անցկացնել այդ երկար տարածքն ու փոխանցել հարձակվողներին, ովքեր այդպես էլ գոլեր չխփեցին:
Վերջին հանդիպումներում Հենրիխն առջևում էր, և այդպես էլ նրան գնդակ չէր հասնում ու չէին կարողանում հասցնել: Փաստացի, Արթուր Պետրոսյանը չկարողացավ նույնիսկ Հենրիխի առկայությունն օգտագործել: Իսկ Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչը կարողանում է մի ամբողջ թիմը կապել Գարեթ Բեյլին, իսկ Գարեթ Բեյլն էլ գործում է թիմի հետ միասին:
Մյուս կողմից Արթուր Պետրոսյանը ազատ մարզիչ չէր, քանի որ ազատության պարագայում նա միանգամից կկանչեր Յուրա Մովիսյանին: Այդ տողատակերը երևացին հարցազրույցների ժամանակ, երբ Յուրայի հետ կապված հարցերին նա նշում էր, որ պիտի պատասխանի Ռուբեն Հայրապետյանը:
Սպասվում է, որ առաջիկա օրերին կհայտարարվի նոր մարզչի անունը: Երկրպագուներն այլևս չեն ցանկանում տեսնել Հայաստանում գործող հայ մասնագետի: Նրանք ցանկանում են տեսնել կամ օտարերկրացի ուժեղ մասնագետի, կամ էլ այնպիսի հայ մասնագետի, ով հաջողությունների է հասնում համաշխարհային ֆուտբոլի քիչ թե շատ տոն տվող թիմում: Իսկ այդպիսի մարզիչները քիչ են:
Սպասենք առաջիկա օրերին: