Ի՞նչ կապ կա Դոնալդ Թրամփի ու պոռնոաստղ Ստեֆանի Քլիֆորդի միջև. նոր սկանդալ՝ Սպիտակ տանը
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը չի իմացել այն մասին, որ 2016 թվականի նախագահական ընտրություններից առաջ իր փաստաբան Մայքլ Կոհենը պոռնոաստղ Ստեֆանի Քլիֆորդին 130 հազար դոլար է վճարել՝ լռության դիմաց:
Այս հայտարարությունն առաջինն էր նախագահի և պոռնոաստղի հարաբերությունների մասին պտտվող լուրերի ֆոնին: Լրագրողի այն հարցին, որ եթե նախագահը չի իմացել, որ իր փաստաբանը մեծ գումար է վճարել պոռնոաստղին, այդ դեպքում ինչո՞ւ է նրա փաստաբան Մայքլ Կոհենն այդ գումարը վճարել:
Թրամփը պատասխանել է, որ այդ հարցը պետք է Մայքլին տալ: Ինքը՝ պոռնոաստղը, պնդում էր, որ իրեն վճարել են, որպեսզի նա չբարձրաձայնի իր և նախագահ Թրամփի ինտիմ կապի մասին: Նրա խոսքով՝ ինքն ու Թրամփը կապ են ունեցել 2006 թվականին, երբ Թրամփի կինը՝ Մելանյան, նոր էր ծննդաբերել և իրենց հարաբերությունները տևել են մի քանի ամիս:
Պոռնոաստղը հավաստիացնում է, որ 2016 թվականի հոկտեմբեր ամսին համաձայնագիր է ստորագրել, որ չի հայտնի իր ու Թրամփի հարաբերությունների մասին և դրա դիմաց 130 հազար դոլար գումար է ստացել: Իսկ ավելի վաղ Թրամփի փաստաբանը հաստատել էր, որ ինքն այդքան գումար է վճարել պոռնոաստղին: