Դոնալդ Թրամփը մտադիր է Սիրիայից դուրս բերել Ամերիկյան զորքերը
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահն արագ չի հեռացնի ամերիկյան զորքերը Սիրիայից, չնայած նախօրեին հայտարարել էր այդ մասին: Ինչպես հայտնում է BBC-ն, նախագահին համոզել են չշտապել զորքը դուրս բերել Սիրիայից, քանի որ մտավախություն կա, որ Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը կարող է ակտիվացնել իր գործողությունները սիրիական այդ հատվածում:
Ինչպես հայտնում են տեղի աղբյուրները, Թրամփն այնքան էլ գոհ չի եղել այդ որոշումից, սակայն համաձայնել է չշտապել զորքը դուրս բերելու հարցում: Սպիտակ Տունը ապրիլի 4-ին հայտարարություն է տարածել, որ ամերիկյան զորքը պետք է հեռանա Սիրիայի տարածքից, սակայն հայտարարության մեջ ժամկետներ նշված չեն:
Հայտարարության մեջ նշված է նաև, որ ամերիկյան պահպանման տարածքում Իսլամական պետություն խմբավորումն ամբողջությամբ ջախջախված է և ամերիկացիները մտադիր են իրենց դաշնակիցների հետ քննարկել հետագա գործողությունները: Այս պահին Սիրիայի տարածքում են գտնվում ավելի քան երկու հազար ամերիկացի զինվորականներ: