«Հրապարակ». Գրեթե բացառվում է հակառակորդի անակնկալ ներթափանցումը
«Հրապարակ» թերթը գրում է․
Ապրիլյան պատերազմից երկու տարի հետո սահմանում հետախուզական համակարգերն այն մակարդակի են հասցվել, որ գրեթե բացառվում է հակառակորդի անակնկալ ներթափանցումը մեր տարածք՝ ասաց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։
«2016-ի ապրիլից հետո մեծ աշխատանք տարվեց մեր հետախուզական հնարավորությունների ընդլայնման համար, ինչն այլեւս գրեթե բացառում է անակնկալության գործոնը: Մեր խնդիրն է՝ հակառակորդի գործողությունները, շարժերը մշտապես պահել կանխատեսելիության դաշտում եւ ըստ անհրաժեշտության կանխել մեր անվտանգությանն սպառնացող ցանկացած գործընթաց»։
Աբրահամյանի խոսքով՝ ապրիլյան մարտական գործողություններն ընդգծեցին մեր բացերն ու առավելությունները, խոցելի տեղերը, ինչի ուղղությամբ վերջին 2 տարիներին հսկայական աշխատանք է տարվել:
«Տեսադիտարկման համակարգերը ֆունկցիոնալ առումով տարբեր խնդիրներ են լուծում` որոշակի հեռավորության վրա հնարավորություն են տալիս առավել էֆեկտիվ հետախուզում իրականացնել։ 2016թ. ապրիլից հետո խորը վերլուծության ենք ենթարկել այն, ինչ ունենք եւ ինչ ունեցանք ապրիլի օրերին: Փորձել ենք մեր քայլերը տեղավորել մեր ունեցած նախկին խնդիրների ու բացթողումների շրջանակներում: Վստահ կարող եմ ասել, որ մի շարք ուղղություններով՝ սպառազինությունից սկսած, թիկունքային ծառայությունով ու բարոյահոգեբանական վիճակով վերջացրած, վերջին 2 տարիներին բավականին մեծ աշխատանք է տարվել»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում