Զինեդին Զիդան, Մաուրիսիո Պոչետինո, Դիեգո Սիմեոնե․ Ո՞վ կգլխավորի ՊՍԺ-ն
Ֆրանսիական «ՊՍԺ»-ն կամաց-կամաց մտածում է հաջորդ մրցաշրջանի մասին։ Արդեն հիմա խոսակցություններ են գնում, թե ովքեր են համալրելու փարիզյան թիմի շարքերը և ովքեր են լքելու թիմը։ Այս ամենի հետ մեկտեղ 2 ամենագլխավոր հարցերը կապված են Նեյմարի ու թիմի գլխավոր մարզիչ Էմերիի հետ։
Արդեն հիմա ֆրանսիական սպորտային պարբերականներն ու «ՊՍԺ»-ին մոտ կանգնած աղբյուրները ներկայացնում են այն մարզիչների անունները, ովքեր կգլխավորեն ֆրանսիական թիմը։ Պարբերականները խոսում են Զինեդին Զիդանի, Պոչետինոյի ու Դիեգո Սիմեոնեի մասին։ Այս 3 մարզչի անունն է շրջանառվում, ովքեր հնարավոր է կգլխավորեն փարիզյան ակումը։
Զիդանի դեպքում մի փոքր հարցականներ կան, քանի որ ֆրանսիացին կարողացավ դուրս գալ բարդ իրավիճակից, ու հիմա արքայական թիմը ցուցադրում է շատ ուժեղ ֆուտբոլ։ Սիմեոնեն շաբաթներ առաջ հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նշեց, որ ինքն ու Գրիզմանը հաջորդ մրցաշրջանում կլինեն «Ատլետիկոյի» կազմում։ Սակայն արդեն հիմա քննարկվում է, որ Գրիզմանը կգնա կատալոնյան ճամբար, ու նրան կփոխարինի «Յուվենթուսի» արգենտինացի ֆուտբոլիստ Դիբալան։ Միգուցե Սիմեոնեն մտածում է Փարիզ գնալու ուղղությամբ։
Իսկ Պոչետինոյի տարբերակը հավանական է, քանի որ անգլիական պարբերականները շատ են գրում այն մասին, որ մասնագետն ու «Տոտենհեմը» չեն կարողանում վերջնական հայտարարի գալ ու քննարկել նոր պայմանագիրը։ Բացի այդ էլ, այս մրցաշրջանում «Տոտենհեմն» այդքան էլ չի տպավորում։ Մյուս կողմից՝ երևում է, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ գերակումբները կսկսեն գնել թիմի ուժեղ ֆուտբոլիստներին։
Միգուցե Պոչետինոն այս մի քանի հանգամանքը հաշվի առնի ու արդեն հիմա մտածի Փարիզ գնալու ուղղությամբ։ Իսկ այս ամենի հետ մեկտեղ մեկ բան հստակ է՝ Էմերին այլևս չի լինի փարիզյան թիմի մարզիչը։