Ալավերդիում շենքից ցած ընկած երեխան Երևանի «Սուրբ Աստվածամայր» բ/կ է տեղափոխվել. այստեղից որևէ տեղեկություն չեն հաղորդում
Մարտի 21-ին` ժամը 19:20-ի սահմաններում, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխվել 2-ամյա մի երեխա: Ինչպես պարզվել է, երեխան վայր է ընկել երրորդ հարկից և, բժիշկների գնահատմամբ, ստացել «գանգի ոսկրերի կոտրվածք, գանգուղեղային վնասվածք»։
Ինչպես NEWSPRESS.am-ին հայտնեցին Ալավերդիի բժշկական կենտրոնից, երեխային անգիտակից վիճակում նույն օրն Ալավերդիի հիվանդանոցից տեղափոխել են Երևան։
«Երեխան ծանր վիճակում էր, Երևանից ռեանիմացիոն մեքենա է եկել ու անմիջապես երեխային տարել են Սուրբ Աստվածածնի հիվանդանոց։ Էլ ոչինչ չգիտեմ»,-ասաց Ալավերդու շտապօգնության բաժանմունքի մեր զրուցակիցը։
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից էլ պատասխանեցին, որ առայժմ որևէ տեղեկություն չեն կարող տալ։
«2 ժամից զանգահարեք, բաժնի վարիչը կպատասխանի»,- մեզ հետ զրույցում ասաց վերակենդանացման բաժնի աշխատակցուհին։