Ավստրալիայում 150 դելֆին իրեն ափ է նետել․ նրանց մեծ մասը սատկել է
Ինչպես հաղորդում է BBC-ն, Ավստրալիայում մոտ 150 դելֆիններ իրենց ափ են նետել: Այս պահին փրկարարական աշխատանքներ են տարվում՝ դելֆիններին օվկիանոս վերադարձնելու համար: Կենդանիներին առաջինը նկատել են տեղի ձկնորսները՝ ձկնորսական նավերից: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, կենդանիներին հայտնաբերելու պահին, նրանց մոտավորապես կեսն արդեն սատկած են եղել:
Փրկարարները փորձում են փրկել մնացած կենդանիների կյանքը: Փրկարարներից մեկի խոսքերով իրենք ամեն ինչ անում են կենդանիների փրկության համար, սակայն դեռ պարզ չէ, թե իրենց կհաջողվի նրանց օվկիանոս վերադարձնել, թե ոչ. «Դա կախված է նրանից, թե դելֆինները ինչքան ուժ ունեն դիմակայելու, ինչպես նաև եղանակից»,- հավելել է նա:
Տասնյակ փրկարարներ հավաքվել են ափին մոտ և իրականացնում են փրկարարական աշխատանքներ. նրանք խնդրել են մարդկանց այդ հատվածում ջուրը չմտնել, քանի որ սատկած դելֆինների մարմինները կարող են ափին մոտ գրավել շնաձկներին, ինչն էլ մեծ վտանգ է հանդիսանում:
Դելֆինների մասսայական ափ նետումներ հաճախ են պատահում և մինչև այժմ գիտնականները դեռ հստակ պատասխան չունեն, թե որն է այս երևույթի պատճառը: Մի մասի կարծիքով դա անում են վիրավոր կամ հիվանդ դելֆինները, կա վարկած, որ նրանք կորցնում են տեղանքում կողմնորոշվելու ունակությունը և պատահաբար հայտնվում ափին մոտ: