Վիգեն Սարգսյանը հայտնվել է ծիծաղելի դրության մեջ
Երբ Հայկազ Բաղմանյանը հեռացավ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից, այդ ժամանակ նորանշանակ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի սազանդարները սազը ձեռքներին Սարգսյանի PR-ով էին զբաղվում, թե` ի՜նչ լավ՝ նախարարը Հայկազ Բաղմանյանի նման բանակով հարստացածին հեռացնում է ՊՆ-ից, մաքրում է նման վատ համբավ ունեցող պաշտոնյաներին:
Այս պաշտոնանկությունն, ինչ խոսք, դրական ազդեց Վիգեն Սարգսյանի վարկանիշի վրա, բայց այն «փոզմիշ» եղավ, երբ նոր և ավելի բարձր պաշտոնի նշանակվեց Բաղմանյանը:
Հիմա գեներալ-լեյտենանտ Բաղմանյանը Հայաստանը ներկայացնելու է ՀԱՊԿ-ում:
Սա իրապես ծիծաղելի դրության մեջ դրեց Վիգեն Սարգսյանին, քանի որ այն, ինչի վրա վերջինս դիվիդենտ էր հավաքում, միֆ էր, իսկ Հայաստանում կադրերի սովը չի վերանա, որովհետև Բաղմանյանի պես խոշորները ոչ միայն տնտեսության, նաև կադրային քաղաքականության մեջ խժռում են մանրերին ու նոր կադրերի առաջխաղացումը Հայաստանում դեռևս երազանք է:
Հավանաբար, Սերժ Սարգսյանը սա վաղուց է նկատել, և դա է պատճառը, որ իր վերջին հարցազրույցում կադրեր պատրաստելու իր գործառույթի մասին հայտարարեց: Պետք է նկատել, որ կադրերը չեն պատրաստվում լսարանային տարբերակով, կադրերը պատրաստվում են գործնականում, իսկ Հայկազ Բաղմանյանի նշանակումն ապացուցում է, որ մենք դեռ պատրաստ չենք նոր կադրեր աճեցնելու նրանց հարթակներ տրամադրել:
Հ.Գ. Հավանաբար ՊՆ-ում այնքան էին ոգևորվել շեֆի հաղթանակով, որ մոռացել են կայքի ինֆորմացիան փոխել, ըստ որի` Հայկազ Բաղմանյանը դեռևս ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնն է զբաղեցնում: