Ես աշխարհագրական գիտությունների թեկնածու եմ, սոխերի, ձվերի կճեպների հետ կապ չունեմ․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
Առաջիկա հանգստյան օրերին Հայաստանի որոշ շրջաններում սպասվում է քամու ուժգնացում, որոնք վտանգավոր կլինեն։
Այդ մասին «Անդրադարձ» մամուլի ակումբում ասաց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում քամու պոռթկումները կարող են հասնել 30-35մ/վրկ, Կոտայքում, Արմավիրում, Արագածոտնում, Արարատում, Վայոց Ձորում և Երևանում քամու պոռթկումները կարող են հասնել 20-25մ/վրկ, որի արդյունքում հնարավոր է կոտրվեն ծառեր կամ ծառի ճյուղեր, պոկվեն տանիքներ կամ տանիքների առանձին հատվածներ, ընկնեն գովազդային վահանակներ, էլեկտրոհաղորդման գծեր և այլ առարկաներ»,- ասաց Սուրենյանը։
Նա կոչ արեց ազգաբնակչությանը և տնտեսվարող սուբյեկտներին ցուցաբերել հնարավորինս զգոնություն։
Լրագրողների հարցին, թե որքանո՞վ են ճշգրիտ սոխի կճեպի կամ նմանատիպ այլ ավանդական եղանակներով կանխատեսումները, օդերևութաբանը նկատեց․
«Ես աշխարհագրական գիտությունների թեկնածու եմ, սոխերի, ձվերի կճեպների ու եփրեմվերդիների հետ կապ չունեմ»։