«Չի կարելի մեկնաբանել գերագույն գլխավոր հրամանատարի որոշումները». Շարմազանովը Բաղմանյանի նշանակման մասին
«Ես երբեք ՀՀ նախագահ, ՀՀ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի որոշումներն ու հրամանագրերը չեմ մեկնաբանել, և որևէ պետական պաշտոնյա , որևէ կուսակցական գործիչ իրավունք չունի մեկնաբանել գերագույն գլխավոր հրամանատարի որոշումները»:
ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների՝ Հայկազ Բաղմանյանին ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի պաշտոնում նշանակելու վերաբերյալ հարցին ի պատասխան ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
հիշեցնենք, որ երբ Հայկազ Բաղմանյանն ազատվեց ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասել էր, թե աշխատանքից նա ազատվել է իր հորդորով, որովհետև աշխատանքային պայմանավորվածությունները չի կատարել, որն անհամատեղելի է հետագա ծառայության համար:
Հարցին, թե որքանո՞վ էր նպատակահարմար բաղմանյանին նշանակել ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնում, Շարմազանովը չմեկնաբանեց:
«Գործող սահմանադրությամբ` գերագույն գլխավոր հրամանատարի մենաշնորհն է՝ ում նշանակել համապատասխան պաշտոնին: Սա Էդուարդ Շարմազանով քաղաքական գործչի լիազորությունների մեջ չի մտնում»,-ասաց Շարմազանովը:
Լրագրողների դիտարկմանը, թե Բաղմանյանը նույն վարքագիծը կարող է դրսևորվել նաև ՀԱՊԿ-ում, Շարմազանովը արձագանքեց. «Չի կարելի մեկնաբանել գերագույն գլխավոր հրամանատարի որոշումները»: