«Մանչեսթեր Յունայթեդն» ամռանը կվաճառի իր աստղին, եթե․․․
Անգլիական սպորտային պարբերականները հայտնում են, որ «Մանչեսթեր Յունայթեդն» այս ամռանն ամենայն հավանականությամբ կվաճառի Ալեքսիս Սանչեսին։ Ամեն ինչ պարզից էլ պարզ է, քանի որ չիլիացին այդպես էլ չի կարողանում հարմարվել թիմին ու ադապտացվել ներկայիս մանչեսթերյան ֆուտբոլային հոգեբանությանը։
Քննադատներն արդեն հիմա «հոշոտում են» Սանչեսին ու այդ ամենի հիմքում փաստերն են։ Փաստերը հստակ ցույց են տալիս, որ Սանչեսը չի կարողանում հարմարվել պարոն Ժոզեի ու «Մանչեսթերի» ֆուտբոլին։ Այս հարցում կա կշեռքի երկու նժար։ Առաջին նժարի վրա նոր ակումբն է՝ իր հոգեբանությամբ ու փիլիսոփայությամբ, իսկ մյուս նժարին Ժոզե Մոուրինյոն է, ում անունը հնչեցնելուց հետո այլ բան պետք չէ ասելու համար։
Սակայն պետք է նաև նշել, որ երբ Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց «Մանչեսթեր», առաջին մի քանի ամիսներին Հենոն նույն կարգավիճակում էր, ինչ Սանչեսը։ Կարելի է ասել նաև, որ Հենոն ավելի վատն էր, քան Սանչեսը։ Սակայն Հենոն կարողացավ հաղթահարել այդ վիճակը։
Իսկ Սանչեսը շարունակում է լռել։ Անգլիական մամուլը տեղեկացնում է նաև, որ «Մանչեսթերի» ղեկավարությունը կսպասի մինչև ամառ, տեսնելու համար, թե ինչ մարզավիճակ է մինչ այդ ձեռք բերում չիլիացին։