Պետք է պայքարենք, որ մինչև Ազգերի լիգայի մեկնարկը հաղթենք բոլոր 4 ընկերական խաղերում․ Վարազդատ Հարոյան
«Թեկուզ 3-րդն եմ, բայց շատ ուրախ եմ։ Հաճելի է տարվա լավագույն եռյակում հայտնվելը ու պետք է ավելի լավ աշխատել բարձր տեղեր զբաղեցնելու համար»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստների մրցանակաբաշխության արարողությունից հետո, երրորդ պարգևը ստացած Եկատերինբուրգի «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը։
Անդրադարձավ Էստոնիայի և Լիտվայի հավաքականների հետ կայանալիք առաջիկա հանդիպումներին՝ Վարազդատ Հարոյանն ասաց․
«Արդեն ուսումնասիրել ենք մրցակցին` Էստոնիայի հավաքականին, լավ թիմ է: Բարձրահասակ, ատլետիկ տղաներ են: Մենք չենք զիջում ոչ Էստոնիայի, ոչ էլ` Լիտվայի թիմերին: Պետք է պայքարենք, որ մինչև Ազգերի լիգայի մեկնարկը հաղթենք բոլոր 4 ընկերական խաղերում: Հիմա լավ մարզավիճակում եմ և պատրաստ եմ խաղերին»: