Իշխանությունը զավթել է ընդդիմությունը
Ընդդիմությունը միավորման ցանկություն չունի: Բացի իշխանությունից, նրանք, ովքեր իրենց համարում են ընդդիմություն, չեն կարողանում միավորվել՝ կա՛մ միմյանց չեն սիրում, կա՛մ միմյանց գաղափարները չեն հավանում, կա՛մ էլ ընդդիմություն ասվածն ընդդիմադիրների մոտ տարբեր կերպ է ընկալվում:
Մի քանի հոգի «Երկիր Ծիրանիում» են, մնացածը՝ «Ելքում», մնացածը պարզապես ընդդիմադիր են կամ՝ ինչպես պատահի։
Եվ եթե քաղաքական կյանքում չկա միավորում, ապա ժողովուրդը չի կողմնորոշվում՝ ով է ճիշտը և ում հետևից գնալ։
Եվ այստեղ ո՞ւմ բախտն է բերում: Իհարկե, իշխանության։ Նա բաժանել է ընդդիմադիրներին, և արդյունքում չկա ընդդիմություն։
Հայկական փոքր ընդդիմադիր խմբերը միմյանց մեղադրում են ֆինանսավորման կասկածելի աղբյուրների, իշխանության ջրաղացին ջուր լցնելու կամ ամենատարբեր մեղքերի մեջ՝ մոռանալով, որ համատեղ ուժերով է հնարավոր շրջել իշխանությունը: Կամ էլ գոնե հավատարիմ լինեն իրենց կարգավիճակին՝ ընդդիմանան։
Չկա հանուն գաղափարի սեփական եսը, սեփական ամբիցիները զոհելու պատրաստակամությունը՝ հանուն երկրի շահի, իմա՝ ամուր ընդդիմության: Դրա հետ է, որ իշխանությունը հաշվի կնստի։ Իսկ Ազգային ժողովում կամ քաղաքապետարանում տեսարաններ սարքելը, դատարկախոսությամբ զբաղվելն արդեն հնացած են և այդպես չէ, որ նման գործելաոճն է բնորոշում ընդդիմություն ասվածը։
Միահամուռ ընդդիմություն ասվածը պարզապես ապացուցում է, որ ընդդիմադիր են, քանի որ այլ տեղ պարզապես չկար գնալու, հակառակ դեպքում՝ հանուն ընդհանուր շահի և գաղափարախոսության կարելի էր եսակենտրոնությունը մի կողմ թողնել։
Իհարկե, ընդդիմադիրների մեկ ընդդիմության մեջ համատեղվելու ցանկության բացակայությունը պարզապես ապացուցում է, որ նախ յուրաքանչյուրն իր խնդիրն է լուծում, յուրաքանչյուրն ունի սնման իր աղբյուրները և նպատակները․ այս երկու կատեգորիաները խանգարում են միավորվելու։
Ինչ սովորել-չի սովորել իշխանությունը, սակայն մի բան հաստատ սովորել է՝ բաժանիր, որ տիրես, այս դեպքում տարբեր աղբյուրներով և միջոցներով բաժանեց ընդդիմադիրներին և այսօր ունի ձեռքբերում՝ կանխատեսելի ընդդիմադիրներ, որը երբեք ընդդիմություն չի դառնա, նման նախադրյալները չունի։ Այնպես որ՝ ո՛չ Զարուհի Փոստանջյանը, ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ նախկին ընդդիմադիրները մեկ կաթսայում չեն հայտնվելու հավիտյանս հավիտենից, քանի որ բոլորի նպատակը ոչ թե ընդդիմանալն է, այլ իրենց պատվիրատուների ցուցումները կատարելը։
Պատվիրատուների և ֆինանսավորողների նպատակները տարբեր են և դաշտում գործող ընդդիմադիրներն ընդդիմություն դառնալու որևէ հնարավորություն չունեն․ սա արդեն իշխանության ձեռքբերումն է։