Պատրաստ եմ, բայց փոխվարչապետի քննարկում դեռ չի եղել․ Կարեն Կարապետյան
Ինչպե՞ս եք կոչ անում ներդրողներին գալ Հայաստան, երբ բիզնեսի շահերը պաշտպանող կազմակերպությունները պարբերաբար ահազանգում են, որ Հայաստանում փոքր և միջին բիզնեսը շնչահեղձ է լինում կամ հարյուրավոր ՓՄՁ-ներ փակվում են:
ԱԺ-կառավարության հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանին իր հարցն ուղղեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
Ըստ պատգամավորի, վարչապետի կոչը երկու մեսիջ է․ մեկով կոչ է արվում գալ ու ներդրումներ անել, մյուսով՝ կոչը փորձ է ՀՀ-ում ներդրողներին գցել:
«Նույնիսկ միջազգային դատարան են գնում գործեր․․․ փոքր ու միջին բիզնեսը շնչահեղձ է լինում»,-նշեց Մարուքյանը։
«Փոքր ու միջին բիզնեսը, ինչպես ասացիք, ի՞նչ է լինում… ասացիք՝ շնչահեղձ է լինում, բայց վիճակագրությունը ցույց է տալիս, որ փոքր ու միջին բիզնեսն աճում է: Մենք հստակ գիտենք, թե ինչն ենք փոխել, մեր փոխածի որ մասն է ազդել տնտեսական աճի վրա: Եվ ես հավատում եմ նրան, որ մեր սփյուռքահայերից յուրաքանչյուրը կարող է մաս կազմել մեր երկրի զարգացմանը»,- ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Էդմոն Մարուքյանի դիտարկմանը, թե ամիսներ առաջ վարչապետը հայտարարում էր, որ վարչապետի հարցի առկախված լինելն ազդում է բիզնեսի ու կայունության վրա, Կարեն Կարապետյանն արձագանքեց, որ հիմա էլ այդպես է մտածում։
«Ես ասել եմ, որ դա այդպես է, և լիքը մարդ կա, ով դրան արձագանքում է: Մեր խնդիրն է այնպիսի համակարգ ստեղծել, որպեսզի անձից կախված… այսպես ասեմ՝ սպասումները կամ համարձակությունը, բիզնես անել, թե չանել, պակասի: Բայց մենք պետք է ֆիքսենք, որ մարդիկ կան, որոնք դրան արձագանքում են»:
«Արդեն ակնհայտ է, որ դուք առաջին փոխվարչապետ եք աշխատելու, դա կկայունացնի՞ բիզնես միջավայրը, անորոշությունը կվերանա՞․․․ պատրաստ եք աշխատել»,-հարցրեց Մարուքյանը։
«Բայց դրա քննարկումը եղե՞լ ա, որ ասեմ՝ պատրաստ եմ, թե չէ: Հարց եք տվել՝ պատրաստ եք, թե չէ, ասել եմ՝ հա: Էդ քննարկումը դեռ չկա։ Շնորհակալություն»,- պատասխանեց Կարապետյանը: