Ինչպիսի՞ն էր Արամի փողոցը նախկինում ու ի՞նչ է մնացել այդ փողոցից հիմա (լուսանկարներ)
NEWSPRESS.am-ն արդեն մի քանի անգամ անդրադարձել է Երևանի Արամի փողոցի խնդիրներին։ Փողոցը ժամանակին եղել է Հին Երևանի ամենաբանուկ ու ակտիվ փողոցներից մեկը։ Տեղի բնակիչները NEWSPRESS.am-ի հետ զրույցում նշեցին (հիմա այնտեղ մնացել են մի քանի մարդիկ), որ այս տարածքում ամեն օր շինաշխատանքներ են։
Տարածքի բնակիչներից մեկը, ով հասկանալի պատճառներով չցանկացավ ներկայանալ, նշեց․
«Ամեն օր լսում ենք շինարարական մեքենաների, բանվորների ձայները։ Ապրում ենք անառողջ աղմուկի մեջ։ Շնչում ենք ցեմենտի ու մյուս շինարարական նյութերի փոշին։ Ամեն օր արթնանում ենք այն զգացումով, որ այսօր էլ քանդելու են այս կամ այն շենքը»։
Բնակիչներն ընդգծեցին նաև, որ ժամանակին սա Երևանի ամենագլխավոր փողոցներից մեկն էր, որտեղ Մարգարյան հիվանդանոցն էր, ապրում էին մտավորականներ ու մեծ մարդիկ, փողոցը չէին քանդում ու արդյունքում մարդիկ ապրում էին լավ ու գեղեցիկ փողոցում։
Իսկ հիմա այս փողոցում նոր ու էլիտար շենքերն են, իրենց «անճոռնի» ճարտարապետական լուծումներով, մնացել են մի քանի փոքր խրճիթներ, որոնք որոշ ժամանակ հետո կքանդվեն ու դրանք նույնպես չեն լինի, Արամ Մանուկյանի լքված, աղբանոցի վերածված ու կիսաքանդ տունը։ Իսկ ժամանակին սա Ցարսկայա փողոցն էր, որն անվանվել է Նիկոլայ առաջին Ցարի անունով։ Փողոցը Հին Երևանի սիրտն էր, հոգին ու գեղեցկությունը։ Հիմա այս փողոցից մնացել են միայն հուշերը։