Ինչպե՞ս Ժոզե Մոուրինյոն «փչացրեց» Պոլ Պոգբային (տեսանյութ)
Պոլ Պոգբայի տրասնֆերը «Յուվենթուսից» դեպի «Մանչեսթեր Յունայթեդ» շարունակվում է մինչ օրս քննադատվել։ Այդ տրանսֆերը քննադատության է արժանանում, քանի որ Պոգբան չի կարողանում ցույց տալ իր գնին համարժեք խաղ։ Բայց մյուս կողմից պետք է նշել, որ վերջին տարիներին միլիոնների արժեցող տրանսֆերները ցույց են տալիս, որ այդ գումարը բնավ էլ ֆուտբոլիստին համարժեք չէ։
Հասկանալու համար, սակայն, թե արդյոք Պոգբան արժե՞ր 100 ու ավելի միլիոն եվրո, պետք է դիտել նրա խաղը «Յուվենթուսում»։ Դիտելուց հետո վստահ կհասկանաք, որ իրոք Պոլ Պոգբան այդ պահին շատ ուժեղ ֆուտբոլիստ էր։ Նա թուրինյան ակումբի սարսափն էր։ Մարդ, ով կարող էր իր դրիբլինգով ճեղքել ցանկացած մրցակցի պաշտպանություն, ով կարող էր ուժային պայքարում հաղթել ցանկացած ուժեղ հարձակվողի ու հենակետային գոտու ֆուտբոլիստի, ով կարող էր իր հրաշալի հարվածներով գրավել մրցակցի դարպասները ցանկացած դիրքից։
Թերևս այս խոսքերի տակ կստորագրեն այն մարդիկ, ովքեր այդ տարիներին երկրպագել են «Յուվենթուսին» ու մանրամասն տեսել ֆրանսիացու խաղերը։ Իսկ ի՞նչ արեց այդ տրանսֆերից հետո պարոն Ժոզեն։
Իսկ ի՞նչ տեսք ունի հիմա Պոգբան։
Պոգբան անգլիական ակումբի առանցքային ֆուտբոլիստներից է, ով մեծ դեր ունի «Մանչեսթերում», սակայն վերջին շրջանում մեզ հետ համամիտ չի լինի պորտուգալացի մասնագետը։ Հիմա Պոգբան գրեթե չի կարողանում շրջանցել մրցակիցներին, կորցրել է իր հրաշալի դրիբլինգը, նրա հզոր հարվածներից ոչինչ չի մնացել։ Ֆրանսիացին էվոլյուցիայի է ենթարկվել ու դարձել դասական հենակետային կիսապաշտպան, ով կարողանում է միայն մրցակցի գրոհները կանգնեցնել, երկար փոխանցումներ կատարել ու մեկ-մեկ էլ հասարակ գոլեր խփել, որ, սովորաբար, անում են միջին վիճակագրական տվյալներ ունեցող կիսապաշտպանները։
Փաստացի Թուրինի հզոր Պոգբայից հիմա ոչինչ չի մնացել։ Այս իրավիճակը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ պորտուգալացին ու Պոգբան կաշխատեն միևնույն թիմում։ Իսկ իրականում այս ամենից տուժում է ֆրանսիացին, ով Թուրինում հանդես գալու տարիներին լավագույն կիսապաշտպաններից մեկն էր աշխարհում, իսկ հիմա․․․․
Իսկ հիմա Պոգբային ճանաչում են բոլորը՝ որպես երկար փոխանցումներ կատարող ֆուտբոլիստի։