Դեսպանի պաշտոնում են հայտնվում նման մարդիկ և սկսում զբաղվել պարապ ինքնահիացմամբ՝ լուծելով սեփական հարցերը. Գևորգ Պետրոսյան
Դիվանագիտական ծառայությունների մասին նոր օրենքը որքանո՞վ է կարողանալու կանխել պատասխանատու դիվանագիտական պաշտոն հանդիսացող դեսպանի կարգավիճակում անիրազեկ, անպատրաստ, դիվանագիտական կրթությունից հեռու, դիվանագիտական աշխատանքի փորձ չունեցող և, ընդհանրապես, իր կարգավիճակի էությունն ու առանձնահատկությունները չընկալող մարդկանց նշանակումը։ Այդ մասին այսօր հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ԱԺ քառօրյա նիստի ժամանակ, որտեղ քննարկվում է դիվանագիտական ծառայության մասին օրենքի նախագիծը։
Նրա խոսքով՝ խնդիրն այն է, որ Հայաստանը հարուստ բնական պաշարներ չունի՝ բնական գազ, նավթ, սև խավիար և պետության աղքատիկ հնարավորությունները պետք է «սվաղել» դիվանագիտական ճկուն աշխատանքի միջոցով։
«Մինչդեռ Հայաստանը ներկայացնում են բացարձակապես անիրազեկ մարդիկ: Դեսպանի պաշտոնում են հայտնվում նման մարդիկ և սկսում զբաղվել պարապ ինքնահիացմամբ՝ լուծելով սեփական հարցերը: Նոր օրենքում այնպես պետք է տալ իրավակարգավորումները, որ պատահական մարդիկ դեսպանի աթոռին չբազմեն»,- նշեց Գևորգ Պետրոսյանը։
Դիվանագիտական օրենքի նախագծի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ նաև Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ նշելով, որ այս օրենքի նախագիծը ևս համապատասխանեցվել է Սահմանադրությանը:
«ԱԳ փոխնախարարների պաշտոններն արդեն քաղաքական պաշտոններ են, դեսպանները վարչական պաշտոններ են, ինչը նշանակում է նշանակման և ազատման համապատասխան ընթացակարգ»,- հայտարարեց Շավարշ Քոչարյանը՝ հավելելով, որ դիվանագետի առաջխաղացումը սահմանվել է մրցութային կարգով»։
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի այն հարցին, թե՝ հնարավո՞ր է գտնել տարբերակ, որ արտաքին կապերի հանձնաժողովը դեսպանների նշանակման փուլում ունենա ներառման հնարավորություն, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Քանի որ դեսպանը դարձել է վարչական պաշտոն, ապա դեսպանը նշանակվում է նախագահի կողմից վարչապետի առաջարկությամբ: Վարչապետի լիազորությունը չի սահմանափակվում նույնիսկ ԱԳՆ-ի ներկայությամբ»: