ՀՀԿ-ի շենքում Սերժ Սարգսյանի համար աշխատասենյակ են կառուցում
Դեռևս մշուշոտ է մեր երկրի քաղաքական ապագան: Մամուլը տարբեր վարկածներ է առաջ բերում, թե ով կարող է լինել վարչապետ, ով առաջին փոխվարչապետ, կամ ովքեր կլինեն նոր ձևավորվելիք կառավարությունում: Մի խոսքով՝ այս շրջանում պաշտոնյաները ցայտնոտի մեջ են հայտնվել՝ արդյոք նոր ձևորվելիք կառավարությունում իրենց համար աթոռ կգտնվի՞, թե՞ կընկնեն, պատկերավոր ասած, կադրերի ռեզերվ:
Ինչ էլ որ գրվում է, թե ով ինչ պաշտոն է զբաղեցնելու, թերևս միայն ենթադրությունների մակարդակով է, քանի որ շախմատային քայլերի սիրահար Սերժ Սարգսյանը երբեք էլ իր քարտերը մինչև վերջ չի բացում, և ինֆորմացիոն վերջին հոսքերը միայն ու միայն հասարակության տրամադրությունը հասկանալուն են միտված:
Այս ամենին զուգահեռ վերջերս տեղեկացանք, որ ՀՀԿ ԳՄ-ի շենքում նոր աշխատասենյակ է կառուցվում: Լայնածավալ շինարարական աշխատանքներ են տանում, որի արդյունքը պետք է լինի ճոխ և հարմարավետ աշխատասենյակը: Ասում են, որ այդ նոր կառուցվող աշխատասենյակը նախատեսված է ՀՀԿ-ի նախագահի՝ այն է Սերժ Սարգսյանի համար:
Արդյոք Սերժ Սարգսյանը նախատեսել է իսկապե՞ս նստել կուսակցության շենքում և այնտեղի՞ց կառավարել երկիրը, դժվար է ասել, բայց նոր Սահմանադրությունը ՀՀԿ-ի ղեկավարին ընձեռում է նման հնարավորություն և, ըստ վերջին գծված գործողությունների քարտեզի, տարբերակներից մեկն էլ այն է, որ Սերժ Սարգսյանը նստելու է ՀՀԿ գրասենյակում: