«Փաստաբանների պալատը խուժան հիմնարկ է»
Փաստաբանների պալատը հոգեխանգարմունքի մեջ է հայտնվել: Այստեղ կրքերը չեն հանդարտվում, ավելին՝ ավելի բուռն ու կրքոտ են դառնում:
Պալատը և պալատի ղեկավարությունը, որոնք պետք է առնվազն լինեին ազատ խոսքի պաշտպանման ջատագով, կարգապահական վարույթ են հարուցել հայտնի փաստաբան Տիգրան Աթանեսյանի նկատմամբ՝ լրատվամիջոցի հարցազրույցի հրապարակման հիման վրա, որտեղ վերջինս պալատի հասցեին ոչ այնքան ականջահաճո արտահայտություն է արել. «Պալատը խուժան հիմնարկ է, իսկ հանրությունը պետք է իմանա՝ ինչ է իրենից ներկայացնում այդ խայտառակ հիմնարկը և ուր է այն հասել»:
Առհասարակ Հայաստանում իշխանության գլխին կանգնած մարդիկ չեն համակերպվում ոչ մի քննադատության հետ, նրանք սիրում են, երբ իրենց փորձում են հաճոյանալ, գովասանքի խոսքեր ասել, «սապոնվել», իսկ ահա հակառակ դեպքում ամեն ինչ անում են, որպեսզի կա՛մ լռեն, կա՛մ քննադատական վերաբերմունք չարտահայտեն: Ընդունված է ասել, որ քննադատությունը մարդուն, առաջնորդին սովորեցնում է առավել բարձր ՕԳԳ-ով աշխատել, սակայն այս փիլիսոփայությունն այդպես էլ արմատներ չի գցում մեր երկրում, մասնավորապես՝ ՓՊ-ում, ուր յուրաքանչյուր խոսք կարող է դառնալ կարգապահական վարույթ հարուցելու հիմք:
Սա ոչ մի քննադատության չդիմացող մոտեցում է, որը չփոխելու դեպքում կա՛մ Արա Զոհրաբյանը կփոխվի, կա՛մ ընդդիմադիրները կփոխեն իրենց դեմքը: Թե որ կողմն առավել ուժեղ կգտնվի, թերևս միայն կյանքը ցույց կտա:
Միայն վերջում նկատենք, որ քիչ առաջ հրապարակված ինֆորմացիան կայծակնային արագությամբ տարածվեց փաստաբանական համայնքում և արդեն իսկ արժանացել է քննադատության, ծաղրի և քամահրանքի, չէ՞ որ սա ոչ առաջին դեպքն է, ոչ էլ, հավանաբար, կլինի վերջինը: