Շանտղությունը, որդերն ու Կարեն և Իշխան Կարապետյանների ելույթները
Հայաստանում հասարակության հետ ակտիվ հաղորդակցվող սննդաբաններ իրականում քիչ կան: Մեկ, երկու մասնագետ կա, ովքեր երբեմն են միայն խոսում շուկայում առկա վտանգավոր սննդի մասին, միակ հույսը համացանցն է, որը թույլ է տալիս տնային տնտեսուհուն իր հետ պատահած դեպքով կիսվել և տեղեկացնել հանրությանը ̀ այս կամ այն սնունդը կասկածելի է:
Այս առումով մեր երկրում տեղեկատվությունն իրականում քիչ է, մարդիկ էլ բավարար տեղեկացված չեն, հաճախ չեն էլ կարդում, թե ինչ սնունդ են գնում և իրենց երեխաներին մատուցում:
Իսկ ահա բարձրագոչ հայտարարություններ պաշտոնական հարթակներից միշտ է հնչում: Սկսած նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանից մինչև Կարեն Կարապետյան հայտարարում են, թե մեր սեղաններին չպետք է հայտնվի վտանգավոր սնունդ:
Հիշեցնենք, որ Կարապետյանն իր պաշտոնավարման սկզբին հայտարարել էր, որ վտանգավոր սնունդ քաղաքացիներին հրամցնելը շանտղություն է, իսկ սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ կազմակերպված «Անվտանգ սնունդ. թվային լուծումներ» համաժողովի բացմանը վերջինս ասել էր. «Հստակ հասկանում ենք՝ ուր պետք է գնանք և ինչպես պետք է անենք, որպեսզի մեր քաղաքացին օր օրի վրա ավելի վստահ լինի, որ ինքն օգտվում է ավելի անվտանգ սննդից: Այստեղ, իհարկե, չափազանց կարևոր է, որպեսզի մեր սպառողն իր իրավունքների մասին իրազեկված լինի և ունենա ակտիվ դիրքորոշում»:
Ակտիվ դիրքորոշում ունենալու կոչ անող Կարեն Կարապետյանին հավանաբար չեն տեղեկացրել, որ իր կառավարությունում ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստան բերեն ԳՄՕ կոչված չարիքը: Չեն տեղեկացրել նաև, որ շուկայում հաճախ է հանդիպում ժամկետանց սնունդ, սխալ մակնշմամբ, անորակ ու էժանագին ապրանքներ, որոնք իսկապես վնասում են քաղաքացիների առողջությանը: Թե չէ, ո՞վ կպատկերացնի, որ վարչապետի հայտարարությունները մնում են օդում առկախված, իսկ շուկան լի է աղբով:
Այս առթիվ խոսելիս, պետք է հիշենք վտանգավոր սննդի մասին վերջին զավեշտալի, բայց միևնույն ժամանակ ցավալի մի դեպք: Երբ «Lutik» ապրանքատեսակի թթու վարունգի մեջ վերջին մեկ ամսում երկու անգամ քաղաքացիները սպիտակ որդ էին հայտնաբերել, ընկերությունից ասել էին, թե պտղային ճանճը կամ դրա թրթուրները թեև փչացնում են պտղի որակը, սակայն մարդու առողջության համար վտանգավոր չեն:
Այս ամենին բացի, սննդի հետկանչից ոչ մի այլ իրավական պատասխանատվություն չհետևեց, սա որպես տարրական օրինակ պետք է համարել և վարչապետին ու իր հորեղբոր որդի, ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանին հարց տալ ̀ ինչքա՞ն դեռ պետք է օդի մեջ ականջին հաճո ելույթներ ունենալ և վերջ:
Աշխատել է պետք: