Գագիկ Համբարյանը և Հովհաննես Խորիկյանն աշխատանքից ազատվել են
Շիրակի պետական համալսարանի դասախոսներ Գագիկ Համբարյանի եւ Հովհաննես Խորիկյանի աշխատանքից ազատվելու վերաբերյալ բուհի պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Ցավում եմ մեր սիրելի Շիրակի պետական համալսարանում իրադարձությունների նման զարգացման համար: Անկախ որեւէ հանգամանքից, դրդապատճառից ու բերվող հիմնավորումից, այն պատիվ չի բերում բուհական ու ակադեմիական միջավայրին ընդհանրապես:
Առայժմ արձանագրենք, որ բուհից հեռացվել են նրա լավագույն մասնագետներից երկուսը: Տարիների համատեղ աշխատանքային փորձը, ուսանողական եւ մասնագիտական շրջանակներում նրանց ունեցած բարձր համարումը բավարար հիմք են նման գնահատականի համար: Վստահ եմ, որ հեռացված դասախոսները, լինելով կրթական ու ակադեմիական աշխատաշուկայում պահանջարկված կադրեր, իրենց արժանի տեղը կգտնեն կյանքում՝ շարունակելով կրթել ու դաստիարակել մեր նոր սերունդը: Կասկած չունեմ, որ նրանք դա ապագայում կշարունակեն կատարել հենց Շիրակի պետական համալսարանում:
Համոզված եմ, որ բուհում տեղի ունեցած եւ տեղի ունեցող գործընթացների, ինչպես նաեւ ստեղծված իրավիճակի իրական հաղթահարման վերաբերյալ ապագայում դեռ առիթ կլինի արտահայտելու առավել ամբողջական կարծիք»,- գրել է Անահիտ Ֆարմանյանը: