Դատարկաբանություն, անպտուղ, անիմաստ խոսակցություն․ քանի դեռ մանկապարտեզներում թունավորման հարցը բացահայտված չէ
«Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը օրերս կազմակերպված «Անվտանգ սնունդ. թվային լուծումներ» համաժողովը որակեց որպես հերթական դատարկաբանությունն ու անպտուղ, անիմաստ խոսակցությունը։
Նա NEWSPRESS.am-ի հետ զրույցում մասնավորապես անդրադարձավ մանկապարտեզների երեխաների թունավորման խնդրին։
«Մանկապարտեզում թունավորում եղավ, հարցը բարձրացրի, բայց ոնց որ խոսես պատի հետ․ Սննդի անվտանգության տեսչություն դիմել եմ, նախարարություն դիմել եմ, վարչապետին դիմել եմ․․․ տո՛ Հռոմի Պապին դիմել եմ․ պահանջը մեկն էր՝ սեղանին դնել լաբորատոր վերլուծությունը․ խոստացան ու չբերեցին։ Չեն բերել, որովհետև այդ թուղթը գոյություն չունի՝ վերլուծություն չեն արել, բայց մինչև ե՞րբ պետք է էս վիճակը շարունակվի»,-ասաց Արմեն Պողոսյանը։
Նա հիշեց իր թոռնիկի հետ տեղի ունեցած մի դեպք։ Պատմց, թե ինչպես մի անգամ, երբ իր թոռնիկն ընկավ աթոռից, Շտապ օգնություն կանչեցին։ Շտապ օգնության մեկնելուց անմիջապես հետո եկել են նաև ոստիկանները։
«Ուրեմն այդ ինչպե՞ս եղավ, որ այս կանչին անմիջապես արձագանքեցին եկան, իսկ մանկապարտեզների թունավորումների նկատմամբ անտարբեր են։ Ինչո՞ւ մանկապարտեզներում ևս չկա նման վերահսկողություն։ Մենք անտարաբեր ենք մեր երեխաների նկատմամաբ»,-նկատեց սպառողների պաշտպանը՝ հավելելով, որ քանի դեռ այս և նման հարցեր ոլորտում լուծված չեն, ուրեմն ոչինչ արված չէ, և սպառողների իրավունքների պաշտպանության մասին էլ խոսելն ավելորդ է։