Բաքու-Թբիլիսի-Կարս ծրագիրը սկսում է ակտիվանալ
Բաքվում կայացել է Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարների առաջին հանդիպումը: Չորս երկրների արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն են ստորագրել, որտեղ կարևորել են քառակողմ ձևաչափի ձևավորումը՝ ինչպես երկրների միջև հարաբերությունների խորացման, այնպես էլ տարածաշրջանային զարգացման և կայունության ամրապնդման գործում:
Վրաստանի արտաքին գործերի նախարարը հանդիպման ընթացքում ընդգծել է իր երկրի վերաբերմունքը տվյալ քառակողմ ձևաչափին և մասնակից երկրների հետ բարեկամական և գործընկերային հարաբերություններ կառուցելու կարևորությունը։ Նա շնորհակալություն է հայտնել նրանց աջակցությանը Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Վրաստանի արտաքին գործերի նախարարը ևս մեկ անգամ շեշտել է տարածաշրջանի խաղաղության և կայունության խթանման, միջազգային իրավունքի սկզբունքների, երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման ու հակամարտության խաղաղ կարգավորման գործում չորս երկրների ընդհանուր շահերի մասին:
Հանդիպմանը կարևորվել է տվյալ քառակողմ ձևաչափով հանդիպումը, որը նրանց կարծիքով մեծ հնարավորությունների ճանապարհ է բացելու տվյալ երկրների համար։
Նախարարները պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը այնպիսի ասպարեզներում, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը, նոր տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը, ենթակառուցվածքները և այլն:
Հատուկ ուշադրություն է դարձվել քառակողմ համագործակցության ակտիվացմանը կապված ապրանքների տարանցիկության իրականացնելուն դեպի Եվրոպա-Ասիա։ Այդ առումով երկրները պայմանավորվել են ակտիվացնել չորս երկրների ներուժի տվյալ ծրագրի զարգացման գործում։
Այս առումով հարկ է նշել, որ Իրանը կամա թե ակամա Վրաստանի հետ միասին ևս ներգրավվել է Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից իրականացվող պանթուրքիստական ծրագրին, որը հասու է փոխել տարածաշրջանի քաղաքական, սոցիալ-տնտեսական ու դեմոգրաֆիկ պատկերը հօգուտ թուրքական պետությունների։ Տվյալ գայթակղիչ խաղը, որը սկսել են իրականացնել Թուրքիան ու Ադրբեջանը, առաջին հերթին նպատակ ունի տարածաշրջանում մեկուսացնել Հայաստանի Հանրապետությանը և քայքայել նրա տնտեսությունը, որը կստեղծի պայմաններ արտագաղթն էլ ավելի արագացնելու համար։ Նման իրավիճակում կարծես թե վերջ է դրվում նաև Հայաստանի կողմից Իրանի հետ իրականացվելիք Հյուսիս-Հարավ ծրագրին։
Վրաստանի մասով թուրքական պետությունների հիմնական հաշվարկները կայանում են նրանում, որ այդ ծրագրի իրականացման շնորհիվ Վրաստանն էլ ավելի մեծ կախվածության մեջ է ընկնելու Ադրբեջանից ու Թուրքիայից, որը կարագացնի երկրի դեմոգրաֆիկ պատկերի փոփոխությունը հօգուտ Թուրքիայի ու Ադրբեջանի։ Այստեղ մասամբ շահեկան վիճակի մեջ է հայտնվում Իրանը, որը ամեն գնով ձգտում է էլ ավելի դուրս գալ միջազգային պատժամիջոցների պատճառով նախկինում ձևավորված իրավիճակից։ Եվ նրա համար Բաքու-Թբիլիսի-Կարս ծրագրին միանալը այս պարագայում դիտվում է, որպես անհրաժեշտ միջոց տնտեսությունն ամրապնդելու համար։
Այդ ծրագրի նկատմամբ անտարբեր չէ նաև Ռուսաստանը, որը ևս միջազգային ճնշումների պատճառով զգուշորեն շարժվում դեպի նույն գաղափարը։
Հիշեցնենք, որ անցյալ տարի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացման արարողությանը հետևեց Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահների հանդիպումը Թեհրանում։ 2017թ․նոյեմբերի 1-ին տեղի ունեցած եռակողմ գագաթնաժողովի ժամանակ Իրանի նախագահ Հասան Ռուհանին խոսել էր նոր Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի կառուցման կարևորության մասին։ Դեռ այդ ժամանակվանից Հասան Ռուհանին խոսելով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի մասին, միտք էր հայտնել, որ այն իրար է կապելու Ադրբեջանը, Ռուսաստանը և Իրանը, ինչի միջոցով իրենց բեռները կուղղվեն դեպի Եվրոպա:
Տվյալ ծրագրի շուրջ միայն ԵՄ-ը ու ԱՄՆ-ն հայտնեցին իրենց դժգոհությունը Հայաստանի նախագծից դուրս մնալու կապակցությամբ։ Սակայն արևմուտքի համար հարցը այստեղ ոչ այդքան Հայաստանի ծրագրից դուրս մնալու մեջ է, որքան Իրանի ու Ռուսաստանի։ Ավելի ճիշտ կլինի ասել նոր ձևավորվող տնտեսական ու ինչու չէ նաև ապագայում քաղաքական տանդեմի, որը միավորելու է Թուրքիային, Ադրբեջանին, Ռուսաստանին, Իրանին ու նույնիսկ Վրաստանին։ Իսկ դա վտանգ է, իրական վտանգ ԱՄՆ-ի ու Եվրոպայի համար, ինչի հետ ոչ մի պարագայում արևմուտքը չի հաշտվի։
Այս առումով հարկ է շեշտել, որ չնայած և Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, սակայն այն վաղուց խաղում է այդ ռազմաքաղաքական դաշինքի ու իր դաշնակից ԱՄՆ-ի խաղականոններից դուրս, որոնք նույնիսկ շատ հաճախ հակադրվում են իր դաշնակիցների շահերին։ Նման իրականության մեջ արևմուտքի համար մնում է հարմար պահին stop տալ իր դաշնակից Վրաստանին, որն ավելի հուսալի գործընկեր է, քան Թուրքիան, որպեսզի այդ ծրագիրն առնվազն սառեցվի մոտակա ժամանակներում։
Սակայն այդ պարագայում մի վտանգ ևս կա։ Տվյալ դեպքում Թուրքիան ու Ադրբեջանը հավանաբար օգտագործելու են իրենց տնտեսական ու դեմոգրաֆիկ միջոցները ընդդեմ Վրաստանի, որոնք այսքան տարի կուտակում էին Վրաստանի տարբեր շրջաններում։
Էդուարդ ԱՅՎԱԶՅԱՆ
Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն