Անվտանգ սնունդ՝ թվային լուծումներով
«Ժամանակակից կառավարման գործում թվայնացումը բոլոր ոլորտներին վերաբերող ամենաակտուալ թեմաներից է»:
Այս մասին այսօր հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը «Անվտանգ սնունդ․ թվային լուծումներ» կարգախոսով համաժողովի բացմանը։
Վարչապետը նշել է, որ 2018 թվականին սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը կրում է «Դարձնենք թվային շուկան ավելի ազնիվ» խորագիրը, որը համապատասխանում է մեր երկրում ձևավորվող թվային օրակարգին:
«Յուրաքանչյուր հանրապետական գործադիր մարմին ըստ ոլորտի պետք է կարևորի թվային գործիքների ներդրումը՝ հաշվի առնելով դրանց մի շարք առավելությունները»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտում ևս անհրաժեշտ է առաջադրել թվային լուծումներ:
Կարեն Կարապետյանը կարևորել է նաև սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնած միջոցառումները, ինչպես, օրինակ, պարտադիր սպանդանոցային մորթին անցումը, ռիսկերի գնահատման մոդելի ներդրմանն ուղղված աշխատանքները, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ծրագրի մշակումը և այլ հարցեր։
«Նման միջոցառումների նպատակը մեկն է՝ ամրապնդել պետական, հանրային և մասնավոր հատվածի պատասխանատվությունը սննդամթերքի անվտանգության և որակի վերահսկողության հարցերում»,- նշել է վարչապետը։