Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը՝ իշխանական կաթսայում
Ապրիլից հայկական իրողությունները և՛ փոխվելու են, և՛ չեն փոփոխվելու։ Հանրությունը կարծես թե հաշտվել է Սերժ Սարգսյանին կրկին իշխանական բուրգի գլխին տեսնելու մտքի հետ։ Եթե հանրությունն է հաշտվել, ապա նույնը չի կարելի ասել իշխանական ներկա և նախկին օղակների, նրանց առաջապահ-հետնապահների մասին։
Ըստ ամենայնի՝ ակտիվացել է Ռոբերտ Քոչարյանը, ում հետնորդները փորձում են իրենց լուման ունենալ հետապրիլյան իշխանական կաթսայում՝ մեկ անգամ հայտնվելով իշխանության մեջ՝ դժվար է հրաժարվել իշխանական բարիքներից, ռեսուրսներից, ամենաթողությունից, ի վերջո, սեփական անձը կատարյալ տեսնելու մարմաջից։ Սա՝ իբրև հաճոյախոսություն։
Ասում են, որ սույն հիվանդությունը հատուկ է միայն իշխանական շրջանակներում հայտնվողներին, ինչը, սակայն, ցմահ է։
Եվ քանի որ ապրիլը քանի գնում, մոտենում է, կողքից փորձում են նախագահականից վարչապետության անցման ճանապարհին ունենալ սեփական տաղավարը։
Այս մենամարտը վերածվել է մեդիատեղեկությունների փոխանակման՝ շոշափելով հակառակորդի ցանկությունները և քմային նախընտրությունները։
Պարզվում է, որ Հովիկ Աբրահամյանը հասկացնում է Սերժ Սարգսյանին՝ դառնալ երկրի Պաշտպանության նախարար, իսկ Սերժ Սարգսյանը պատասխանում է, որ գիտեմ՝ հետևումդ Քոչարյանն է և կուզեմ ե՛ս վարչապետ կդառնամ, կուզեմ՝ Պաշտպանության նախարար։
Իհարկե, այստեղ ո՛չ Քոչարյանը, ո՛չ Աբրահամյանը, առավել ևս ոչ էլ Սերժ Սարգսյանը մեղավոր չեն, մեղավորն իշխանությունն է, որտեղ մեկ անգամ լինելով՝ մարդիկ վերածվում են մեկանգամյա իշխանավորներից՝ բազմամյա իշխանավորների։
Պարզվում է՝ Աբրահամյանը դեռևս հետճաշիկի ախորժակ ունի, իսկ Սերժ Սարգսյանը՝ ճաշի․ ուղղակի իրականությունն այն է, որ Սերժ Սարգսյանի ճաշն ավելի քան իրական է, քան Հովիկ Աբրահամյանի հետճաշիկը․ հաջողության է հասնում նա, ով մեծամեծ նպատակներ ունի, ոչ թե նա, ով չի կարողացել բուրգի գագաթին մնալ, այլ գլորվելով՝ հասնում է իրեն բաժին ընկած հետճաշիկին։