Վարչապետը Գորիսում ողջունել է արևագալը
Օրերս NEWSPRESS.am-ն անդրադարձել էր վարչապետ Կարեն Կարապետյանի հետ Գորիսում պատահած միջադեպին։
Գորիսի համայնքապետարանի մուտքի մոտ վարչապետն ընկնելուց է պրծել։ Բանն այն է, որ առաջին աստիճանի մոտ կիսափակված փոս է եղել, ինչը չի վրիպել վարչապետի աչքից և դիտողություն է արել Գորիսի երիտասարդ համայնքապետ Առուշ Առուշանյանին։
Նշենք, որ բարեկարգ փողոցներ, մուտքեր ունենալը ոչ թե թանկ հաճույք է, այլ անփութության արդյունք, և եթե մահկանացուներն են ընկնում փոսերը, այդ միջադեպն անցնում-գնում է, իսկ եթե, օրինակ, վարչապետն է ընկնում, քիչ է մնում ընկնի կամ տեսնում է, որ ոտքերի տակ փոս է, սա արդեն խնդիր է։
Կարող ենք նշել, որ տարածաշրջանի ձեռքբերումները, աճերն առ ոչինչ են, եթե մարզի ճանապարհներն անբարեկարգ են, մուտքերը կիսատ-պռատ սարքած։
Եվ պատկերացնո՞ւմ եք, եթե վարչապետն ընկնում է քաղաքապետարանի փոսի մեջ, որը նախատեսված էր միայն մահկանացուների համար։
Ի դեպ, NEWSPRESS.am-ի հրապարակումից հետո Գորիսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում հայտնվեց տեղեկություն, ըստ որի՝ Գորիսում վարչապետը ոչ թե դիտողություն է արել, այլ՝ նկատելով համայնքապետարանի հարակից տարածքով անցնող առուն՝ ողջունել է, որ դրանք պահպանվում են։
Ի դեպ, հետաքրքիր է պարզաբանվել՝ «վարչապետը ողջունել է, որ առուն պահպանվում է»։
Ընդունենք, որ իրոք կրեատիվ է, սակայն փաստը մնում է փաստ, որ հավաքվածները՝ մեծ ու փոքր պաշտոնյաները, փորձել են փրկել վարչապետին առվում խեղդվելուց։
Ասում են, որ վարչապետի այցից հետո Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը հրահանգել է փակել քաղաքի բոլոր մեծ ու փոքր փոսերն ու առուները, որ որևէ պաշտոնյա հանպատրաստից կամ սեփական նախաձեռնությամբ չընկնի առուն ու, Աստված մի արասցե, մի բան պատահի։
Ի վերջո, այս ամենն ավելի շատ տխուր պատմություն է՝ իր փոսերով, առուներով, անբարեկարգությամբ, և պարզաբանումներով։ Կարելի է ճանապարհ չկառուցել, սակայն պարզաբանել, կարելի է փոսառատ քաղաք ունենալ ու պարզաբանել, կարելի է անփույթ աշխատել և արդարացնել, կարելի է չիմանալ, սակայն արդարացնել՝ դե․․ՀՀԿ եմ։