Ես իրավաբան չեմ և չեմ կարող գնահատական տալ․ Արթուր Գևորգյանը՝ «ԵԾ» հաղորդման մասին
Քաղաքապետի կողմից Մարտի 8-ի նվեր քարտերը «Երկիր Ծիրանի» կուսակցությունը դիտարկում է որպես կոռուպցիոն երևույթ։ Այդ մասին կուսակցությունը հաղորդագրություն է տարածել և գործով դիմել է ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին։
NEWSPRESS.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը չցանկացավ մեկնաբանել «Երկիր Ծիրանի» խմբակցության հաղորդումը։ Նա հորդորեց դիմել այն կառույցներին, որոնց ուղղված է հաղորդումը:
«Այն ձևակերպումները, որոնք որոշակի իրավաբանական ենթատեքստ ունեն իրենց մեջ և իրավական հարթության մեջ պարզաբանում ստանալու կարիք ունեն, կարծում եմ՝ ես չէ, որ պետք է մեկնաբանեմ»,- ասաց Արթուր Գևորգյանը։
Ճշտող հարցին, թե ամեն դեպքում երևույթը կարելի՞ է դիտարկել որպես կոռուպցիա, Արթուր Գևորգյանը պատասխանեց. «Ես նորից եմ ուզում կրկնվել՝ ում ուղղված է հաղորդումը, նա էլ համարժեք պատասխան ու գնահատական կտա։ Ես այստեղ փոքր մարդ եմ, քանի որ իրավաբան չեմ և կդժվարանամ որևէ բան ասել»,- եզրափակեց Գևորգյանը։