Թերեզա Մեյը սպառնում է բոյկոտել Ռուսաստանում տեղի ունենալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել Մեծ Բրիտանիային ՝ Մոսկվային հանձնել այն նյութի նմուշներից, որով թունավորվել է հատուկ ծառայության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալը: Լավրովի խոսքով, միջազգային փորձում նման օրինակներ կան, սակայն Մեծ Բրիտանիան հրաժարվում է դա անելուց:
Ռուսաստանը պաշտոնապես դիմել է Բրիտանիային՝ ենթադրյալ թունավոր նյութի նմուշները ստանալու պահանջով, սակայն մերժվել է: Լավրովը հավելել է, որ ամեն դեպքում, եթե նմուշները հանձնվեն Ռուսաստանին փորձաքննության, Ռուսաստանը պատրաստ է համագործակցության: Այն հայտարարությունը, թե Ռուսաստանը կապ ունի հատուկ ծառայության նախկին գործակալին թունավորելու գործին, Լավրովը հիմարություն է անվանել և հավելել, որ Ռուսաստանն այս պատմության հետ ոչ մի կապ չունի:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ավելի վաղ ժամանակ է տվել Մոսկվային պարզաբանումների համար, հակառակ դեպքում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն, ընդհուպ մինչև այս տարի ամռանը Ռուսաստանում տեղի ունենալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության բոյկոտումը: Ռուսաստանը հերքում է իր հանդեպ հնչած բոլոր մեղադրանքները: