Լեոնել Մեսսին ցանկանում է, որ Նեյմարը վերադառնա «Բարսելոնա»
Իսպանական լրատվամիջոցները հայտնում են, որ կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լեոնել Մեսսին նույնպես ցանկանում է, որ ֆրանսիական «ՊՍԺ»-ի առաջատար Նեյմարը վերադառնա իր նախկին թիմ։ Նեյմարի շուրջ ստեղծված իրավիճակը վերջին շրջանում շարունակում է մնալ ամենաքննարկվողներից։
Կատալոնական թիմի ֆուտբոլիստներից բրազիլացի Կոուտինյոն նույնպես նշել է, որ Նեյմարի վերադարձն ավելի կուժեղացնի «Բարսելոնային»։ Հետևելով եվրոպական հեղինակավոր սպորտային պարբերականներին՝ կարելի է եզրակացնել, որ բրազիլացի Նեյմարն այս ամռանը կտեղափոխվի կա՛մ Մադրիդի «Ռեալ», կա՛մ «Բարսելոնա»։
Հաշվի առնելով այն փաստը, որ կատալոնական թիմը լքելուց հետո «Բարսելոնայի» երկրպագուների մի մասը սկսեց ատել Նեյմարին, կարելի է ենթադրել, որ բրազիլացին կգնա «Ռեալ», բայց մյուս կողմից սա ավելի ցավոտ կլինի նրա համար, քանի որ հակառակորդի ճամբար տեղափոխությունը թողնում է շատ վատ հետևանքներ։ Այստեղ կարելի է հիշել պորտուգալացի լեգենդար Լուիշ Ֆիգուին ու լռել։
Այս խառնաշփոթի մեջ վերջնական որոշում կայացնողը կամակոր բրազիլացին է։