Անգլիայում շարունակում են հետաքննել հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա աղջկա թունավորման մութ դեպքը
Մոտավորապես հարյուր զինվորական է ժամանել անգլիական Սոլսբերի՝ նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա աղջկա թունավորման հանգամանքները բացահայտելուն աջակցելու համար: Ինչպես հայտնում է BBC-ն, խոսքը քիմիական, բիոլոգիական և ռադիոլոգիական զենքերի մասնագետների մասին է:
Հիշեցնենք, որ մարտի 4-ին Սկրիպալն ու նրա աղջիկն անգիտակից վիճակում հայտնաբերվել էին Սոլսբերիի զբոսայգիներից մեկում: Փորձագետների տվյալներով՝ նրանց թունավորել էին դեռևս անհայտ նյութով: Այժմ հայր ու դուստր գտնվում են հիվանդանոցում՝ ծայրահեղ ծանր վիճակում: Հանգամանքները դեռևս ճշտվում են, սակայն վարկած կա, որ նրանց թունավորել են իրենց տան տարածքում:
Ինչպես հայտնել է գործը հետաքննող խմբի ղեկավարը, դեռևս հայտնի չէ, թե ինչ կերպ է կատարվել նրանց թունավորումը, սակայն հայտնի է, որ ոստիկանության աշխատակիցը, ով եղել է Սկրիպաչի տանը, ևս թունավորման ախտանշաններով տեղափոխվել է հիվանդանոց, այնինչ տանը նույն պահին գտնված բուժաշխատողի ինքնազգացողությունը շատ լավ է: Դեպքը լի է մութ կողմերով, ինչն էլ պետք է բացահայտվի, հավելել է նա: