Մարտի 8-ի խութերն ու մութ կողմերը
Մարտի 8-ը՝ կանանց միջազգային օրը, հրաշալի տոն է մեծարելու և գովերգելու գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին: Մեզ կյանք պարգևող այդ թույլ սեռը, սակայն, ամեն քայլափոխի խտրականությունների, ընտանեկան բռնությունների և սեռական ոտնձգությունների զոհ է դառնում: Հաճախ ականատես ենք դառնում կանանց կողմից կատարվող ինքնասպանությունների դեպքերն (հիշենք ԱԻՆ աշխատակցուհու և նրա 9-ամյա դստեր ինքնասպանության դեպքը), փողոցներում ու կանգառներում խելագարված կանանց՝ կառավարությունից դժգոհող ու անվերջ անիծող. Ի՞նչ իմանանք՝ գուցե նրանք էլ են ժամանակին երջանիկ կին ու մայր եղել, բայց ընկնելով իշխանական սարդոստայնի մեջ, օր օրի հյուծվել են ու լղարել:
Քիչ չէ նաև կին մուրացկանների թիվը Հայաստանում, ովքեր կյանքի ու մահվան կռիվ են տալիս ամեն օր հանապազօրյա հաց վաստակելու համար: Իսկ ի՞նչ է անում նորին մեծություն կառավարությունը: Նստում է իր թագավորական, դղյակ հիշեցնող, շքեղ պալատում, մի բաժակ թանկարժեք խմիչք կոնծում, սիգարը վառում ու մտածում երկրի կառավարման համակարգում նոր ու իր կարծիքով ճիշտ օրենքների ընդունման մասին, այդպես էլ չմտածելով ամենակարևոր ու անհրաժեշտ օրենքի մասին՝ կանանց իրավունքների պաշտպանության, խտրականության վերացման, ընտանեկան բռնությունների կանխարգելման և շատ այլ առանցքային և հույժ կարևոր հարցերի մասին: Էլ ի՞նչ ակնկալի կինը նման կառավարությունից: Կառավարությունն այս ուղղությամբ մտածելու շատ բան ունի:
Չնայած այս ամենին՝ կանայք կարողանում են լինել երջանիկ, որովհետև ավելի դժվար է երջանիկ լինել տխուր ու հոգսաշատ առօրյայով ծանրաբեռնված, շարունակում են տոնել Մարտի 8-ը և ուրախանալ ուժեղ լինելու համար:
Չենք ցանկանում, բնավ, խտացնել գույներն ու փչացնել տոնական տրամադրությունը, պարզապես մի փոքր ուշադիր եղեք ձեզ կյանք պարգևող էակների նկատմամբ: Նրանց դրանից բացի ուրիշ ոչինչ պետք չէ: