Ընդդիմություն չկա. «Երկիր Ծիրանին» և մյուսները միջանձնային խնդիրներ են լուծում
«Երկիր Ծիրանի» կուսակցության կողմից առաջ քաշած՝ Վազգեն Սարգսյանի անվան փողոցի անվանափոխման հարցը, անտրամաբանական է։
NEWSPRESS.am-ի հետ զրույցում այդ մասին ասաց Գերագույն խորհրդի պատգամավոր Վարդան Պետրոսյանը։ Նրա դիտարկմամբ՝ նույն տրամաբանությամբ կարելի էր Ռամբիոս երկրորդի անունով փողոց բացել։
Ըստ նրա՝ ընդհանրապես անվանափոխությունների հետ շատ զգույշ պետք է վարվել, քանի որ մարդկանց առօրյա կյանքում չի կարելի կտրուկ մանիպուլյացիաներ անել։
«Սրանք ոտքի վրա լուծվող խնդիրներ չեն, հատկապես եթե դրան հիմնավորված ու համակարգային մոտեցում չկա։ Ոտքի վրա կանգնել ու հարց բարձրացնել չի կարելի։ Քնից մեկը կվերկենա, սա կասի, էն մեկն էլ՝ նա կասի և կսկսվեն ավելորդ ու չհիմնավորված խոսակցություներ»։
Յուրաքանչյուր նման քայլ ունի իր նպատակը, որը, սակայն, ընդհանուրի շահերից չի բխում, քանի որ անհատական բնույթ է կրում։
Ըստ Վարդան Պողոսյանի՝ անհատական բնույթ են կրում նաև քաղաքական ուժերի մոտեցումները։ Այսինքն՝ նրանք, ովքեր ընտրվում են հանրության կողմից, ինքնադրսևորման խնդիրներ են փորձում լուծել, և այդ ինքնադրսևորումները միշտ էլ բավականին անհաջող են լինում։
Ընդհանրապես, Վարդան Պետրոսյանը, որպես ընդդիմադիր, ոչ մեկի չի տեսնում քաղաքական դաշտում։
«Ի վերջո, ի՞նչ է նշանակում լինել ընդդիմադիր։ Ընդդիմադիր կարելի է լինել բացասական երևույթների նկատմամբ և ոչ թե մարդկանց։ Ասենք՝ ես Վալոդին ընդդիմացա, այ քեզ բան, մարդ է նա։ Ես անձին կարող եմ ընդդիմադիր լինել այն դեպքում, երբ նա այդ բացասական երևույթի կրողն է։ Հակառակ դեպքում անձնական խնդրի է վերածվում։
Ցավոք սրտի, այսօր ընդդիմադիրի մասին պատկերացումն ու հասկացողությունը վարկաբեկվել է և անհասկանալի է, քանի որ այն վերածվել է միջանձնային հարաբերությունների»,-նկատում է Վարդան Պետրոսյանը։
Շարքային քաղաքացին խնդրի լուծում է ուզում՝ առանց դրա մեջ խորանալու և վերլուծելու, և ընտրված մարդիկ չպետք է շահարկեն քաղաքացու խնդիրը։ Մինչդեռ, երբ վերլուծում ենք, արդեն տեսնում ենք, որ այդտեղ միջանձնային հարց կա։
«Կա մտավորական և կա ինտիլիգենտ․ մտավորականը զբաղվում է մտավոր աշխատանքով, բայց եթե մտավորականն ինտելիգենտ է՝ նշանակում է նա կարող է հասարակության խնդիրները բարձրաձայնել մտավորականի ձևակերպումներով, ո՛չ թե փողոցայինի։ Եթե փողոցի մակարդակով բարձրացնելու լիներ, էնա փողոցից մարդ կբերեինք կներկայացներ»,- եզրափակեց հասարակական գործիչը։