«Սոսու պուրակ» արգելավայրը Կովկասի ամենախոշոր բնական պուրակն է
«Սոսու պուրակ» արգելավայր, բնության հատուկ պահպանվող տարածք, Հայաստանի Հանրապետության 26 արգելավայրերից մեկը և գտնվում է Սյունիքի մարզում՝ Ծավ և Շիկահող գետերի ափին՝ Շիկահողի արգելոցի հարևանությամբ՝ 700-800 մ բարձրություններում, զբաղեցնում է 64.2 հա տարածք։
Նշենք, որ արևելյան սոսու բնական պուրակը միակն է Կովկասում՝ պահպանության նպատակով, «Սոսու պուրակ» արգելավայրն իր մեջ ներառում է արևելյան սոսու` Կովկասում ամենախոշոր բնական պուրակը։
Մարդու գործունեության ազդեցությունը մեղմացնելու համար արգելավայրը շրջապատված է մոտ 100 մ լայնություն ունեցող բուֆերային գոտով, որտեղ ընկած են Ներքին Հանդ գյուղի և Կապանի անտառտնտեսության հողերը։ «Սուսու պուրակն» ունի ձգված տեսք՝ Ծավ գետի երկայնքով 50-200 մ լայնությամբ և 10 կմ երկարությամբ։
Պուրակի հիմքում ընկած են 200-250-ամյա հազարից ավել ծառեր, որոնք հասնում են 30-35 մ բարձրության և պահպանվել են մինչ այժմ։ Պուրակը բնական ծագում ունի։
Բացի սոսուց, այստեղ աճում են նաև այլ արժեքավոր և հազվագյուտ տեսակներ՝ հունական ընկուզենին, արաքսյան կաղնին, հունական շրջահյուսը, թավշային իլենին և այլն։ Ողնաշարավորների ֆաունայից բավականին բազմազան են սողունները՝ 7 տեսակի մողեսներ, 8 տեսակի օձեր և 2 տեսակի կրիաներ։ Հազվագյուտ տեսակներից հանդիպում են շերտավոր մերկաչքը, կատվաօձը և անդրկովկասյան սահնօձը։
Ներքին Հանդ, Ծավ, Սրաշեն համայնքներում «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակներում իրականացվել է խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգում, գյուղամիջյան ճանապարհների մասնակի նորոգում, ոռոգման համակարգի վերանորոգում, դպրոցի ճաշարանի նորոգում և այլն։ Բացի այդ, պահպանվող տարածքների հարակից համայնքների բնակիչներին տրամադրվել են եվրոպատուհաններ՝ էներգիայի խնայողության նպատակով։
Նման միջոցառումներն ուղղված են պահպանվող տարածքների, նաև բնական պաշարների վրա բացասական ազդեցությունը նվազեցնելու համար։