Մեղրիում արդեն վաճառվում է տեղական արտադրության ձիթապտուղ
Արդեն մի քանի տարի է` Մեղրիում ձիթենու այգի է տնկված, արևադարձային այս բույսը հրաշալի հարմարվել է Մեղրու հարավային կլիմային և լավ բերք է տալիս։
Հայտնի է ձիթենու ավելի քան 60 տեսակ, բայց մշակության մեջ օգտագործվում է եվրոպական ձիթենին: Մշտադալար ձիթենին աճեցվում է ինչպես եվրոպական երկրներում, այնպես էլ Վրաստանում։
Պտուղը մանուշակագույն է: Ձիթապտուղն օգտագործվում է սննդի և բժշկության մեջ: Ձեթը կիրառվում է օծանելիքի և տեքստիլ արդյունաբերության, իսկ բնափայտը՝ ատաղձագործության մեջ: Ձիթենին բազմացվում է կտրոններով, պատվաստներով ևսերմերով: Ջերմասեր բույս է:
Լեհվազում այսօր արդեն շատերը տեղյակ են, որ լեհվազցիներ Կարեն և Կարո Կարապետյանները ձիթենու այգի ունեն և Լեհվազ գյուղում արտադրամաս, որն, իհարկե, այս պահին չէր աշխատում, քանի որ ձիթենու բերքը սպասում են աշնանը:
Ձիթապտղի մեկ ծառը կարող է մինչև 30 կգ բերք տալ։ Բերքը պետք է ժամանակին քաղել, հակառակ դեպքում` փչանում է։ 2011թվականին ստացվեց առաջին բերքը` 5.5 տոննա ձիթենու պտուղ:
Նշենք, որ ձիթապտուղն առանց մշակման սննդում օգտագործելու ենթակա չէ, իսկ բերքահավաքը տեղի է ունենում հիմնականում հոկտեմբեր ամսին։
Ուսումնասիրությունները պարզել են, որ այդ տեսակի պտղամիսը պարունակում է մինչև 70 տոկոս ձիթայուղ, իսկ կորիզում այն կազմում է 27-33 տոկոս: Լեհվազցիները մշակում են հիմնականում իսպանական Սեվելիանո և Ասկոլանա ձիթապտղի տեսակները։
Այսօր արդեն ձիթապտղի ծառը տարածվել է Մեղրիում և մասնավորներից հնարավոր է գնել պահածոյացված ձիթապտուղ․ այս պտղատեսակից մշակողները դժգոհ չեն, հյուրերը գերադասում են տեղական արտադրության ձիթապտուղ գնել։
Այսօր էլ տեղական միջոցառումների, գյուղմթերքի վաճառքի ժամանակ Մեղրիում կարելի է գնել տեղական արտադրության ձիթապտուղ։