ԵՀՄՖ-ն քաղբանտարկյալների պաշտպանության համար գործընթաց է սկսում
Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահությունը գտնում է, որ ՀՀ դատաիրավական համակարգն իր բացահայտ անօրինական գործողություններով բազմիցս է ապացուցել, որ այն այսօր չի իրականացնում ՀՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված արդարադատության երաշխավորի գործառույթները, այլ հակառակը՝ ցինիկորեն արհամարհելով ՀՀ քաղաքացիների տարրական իրավունքները, կատարում է բռնապետության կայունությանը և շահերի պաշտպանությանն ուղղված գործողություններ:
Քաղաքական դրդապատճառներով կալանավորված անձանց առկայության փաստը Հայաստանի իշխանությունները պատճառաբանում են նրանով, որ որոշ ընդդիմադիր հայացքներ ունեցող անձինք ձերբակալվել են ոչ թե քաղաքական հայացքների, այլ հասարակական կարգուկանոնը խախտելու համար: Իսկ այն քաղաքական և հասարական գործիչները, որոնք իրենց ելույթներում բացեիբաց նշել են, որ Սերժ Սարգսյանի հաստատած ռեժիմը դարձել է ազգային անվտանգությանը սպառնացող գործոն, ենթարկվում են դատական ռեպրեսիվ գործողությունների, նրանց դեմ հարուցվում են մտացածին քրեական գործեր, որոնց հիմնական նպատակն է զրկել մարդկանց ազատությունից և իրականացնել քաղաքական հաշվեհարդար:
ՀՀ նախագահի աթոռը բռնազավթած անձը՝ Սերժ Սարգսյանն անձամբ է պատասխանատու իր ստեղծած բռնապետական համակարգի գործունեության և բացառիկ անօրինական գործընթացների համար: ԵՀՄՖ-ը դատապարտում է քաղբանտարկյալների նկատմամբ ծավալվող պետական հակաիրավական և հակամարդասիրական գործողությունները և սկսում է գործընթաց նրանց պաշտպանության համար:
ԵՀՄՖ նախագահությունը պաշտոնական գրությամբ դիմել է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիային (FIDH – Fédération internationale des ligues des Droits de l’Homme), որպեսզի դիտորդներ ուղարկեն Հայաստան և տեղում ուսումնասիրեն պետական պաշտոնյաների կողմից մարդու իրավունքների խախտման բացահայտ դրսևորումները, քաղաքական հայացքների համար դատապարտված անձանց հանդեպ կատարված դատաիրավական խեղկատակությունների փաստերը:
ԵՀՄՖ նախագահությունը կոչ է անում Հայրենիքի և Սփյուռքի քաղաքացիական հասարակությանը, իրավապաշտպան կազմակերպություններին, նախկին քաղբանտարկյալներին, նրանց հարազատներին, ովքեր անմիջականորեն իրենց վրա կրել են բռնպետության այսօրինակ ծանր հարվածները, անտարբեր չմնալ իրենց ազնիվ և խիզախ քաղաքացիական կեցվածքի համար բռնաճնշումների ենթարկվող հայորդիների ճակատագրի հանդեպ, որոնցից են Ժիրայր Սեֆիլյանը, Սամվել Բաբայանը, Կարո Եղնուկյանը, Գևորգ Սաֆարյանը, Շանթ Հարությունյանը և բազմաթիվ այլ ազգային նվիրյալներ:
ԵՀՄՖ նախագահություն
23.02.2018թ.