Խիստ պահանջ նախարարներին՝ Արմեն Գևորգյանի կողմից
Երբ նոր էր Հայաստան հրավիրվել գործադիրի ղեկավար Կարեն Կարապետյանը և իր թիմն էր հավաքում, փորձում էին այնպես անել, որ այս թիմը որակապես տարբերվի նախորդ կառավարություններից կամ առնվազն պետք էր նման տպավորություն ստեղծող մթնոլորտ ձևավորել:
Նախկինում նախարարներն ակտիվ էին, ժպտերես, ազատորեն շփվում էին լրագրողների հետ, անընդհատ լուսաբանվում էին, անգամ փոխնախարարներն էին «ջրի երես» դուրս եկել:
Հետհայացք նետելով ոչ վաղ անցյալին և համեմատելով այսօրվա վիճակի հետ՝ նկատելի է դառնում ինչ-որ փոփոխություն: Նախկինի պես նախարարներն ակտիվ չեն, զուսպ են անգամ իրենց հանդիպումների լուսաբանման հարցում:
NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ նախարարներին և փոխնախարարներին նախագահականից, ավելի կոնկրետ՝ աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյան կողմից, խիստ հրահանգ է իջեցվել՝ վարկանիշի բարձրացմանը միտված քայլերը լինեն զուսպ կամ ընդհանրապես չլինեն, մամուլի հետ շփվեն միայն ըստ պահանջի և թույլատրված թեմաների շրջանակներում, ի պաշտոնե, մի խոսքով՝ անձնական PR-ը բացառել:
Թե ո՞րն է եղել նման պահանջի նպատակը, կարելի է ենթադրել միայն՝ փորձ է արվում թույլ չտալ կադրեր աճեն, ովքեր կկարողանան ինքնուրույն գործունեություն ծավալել: