Կա՞ Հայաստանում քաղբանտարկյալ
Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին ընդդիմադիրների կողմից շատ ենք լսել։ Հանրության ստվար զանգվածի կողմից քաղբանտարկյալներ են այսօր համարվում ՊՊԾ-ի գործով կալանավորվածները, Գևորգ Սաֆարյանը, «Դրոյի գործով» դատապարտվածները:
Այսինքն՝ մարդիկ, ովքեր հայտնվել են բանտում այն պատճառով, որ իրենց քաղաքական հայացքներից ելնելով՝ ինչ-որ քայլեր են ձեռնարկել իրենց առջև դրված նպատակին՝ օրինակ, հեղափոխության հասնելու համար:
Քաղաքական բանտարկյալ կամ քաղբանտարկյալ է այն անձը, ով ձերբակալվել է, ազատազրկվել կամ հոգեբուժարանում է հայտնվել գործող կառավարությանը քննադատելու, ընդդիմություն լինելու համար:
Մի խոսքով՝ թվում է հեշտ է դիրքորոշում արտահայտել, արդյո՞ք Հայաստանում կա քաղբանտարկյալ, թե՞ ոչ: Թերևս սա խիստ բարդ հարց դարձավ մեր երկրի հավանաբար 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի համար:
«Ազատությանը» տված հարցազրույցի ընթացքում նախագահի ՀՀԿ թեկնածուն նախ ասաց, որ ծանոթացել է տարբեր կազմակերպություններից իրեն ուղղված նամակներին, ասաց նաև, որ ուսումնասիրել է քաղբանտարկյալ եզրույթը, կիսվեց իր պատկերացումներով, բայց այդպես էլ հստակ պատասխան չտվեց՝ դիվանագիտորեն խուսանավելով հարցի պատասխանից:
Այսպիսով, կարելի է ևս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանում տոտալ վերահսկողություն է սահմանվում պաշտոնյաների խոսքի վրա, և տրվում է որոշակի չափ և որոշակի թեմաներ որոնց մասին կարելի է խոսել։ Այդ վերահսկողությունն այնքան մեծ է, որ ներառում է հասարակ ֆեյսբուքյան օգտատերից ընդհուպ մինչև նախագահի թեկնածու:
Կարիք ենք համարում ևս մեկ անգամ հիշեցնել հարցը պարոն Սարգսյանին՝ կա՞ քաղբանտարկյալ Հայաստանում, թե՞ ոչ:
Ակնկալվում է հստակ դիրքորոշում: