Ժոզե Մոուրինյոյի հերթական զոհը Պոլ Պոգբան է․ ֆրանսիացին կլքի՞ «Մանչեսթերը»
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ձմեռային տրանսֆերային պատուհանից հետո շարունակում է մնալ համաշխարհային սպորտային պարբերականների գլխավոր էջերում։ Այս անգամ լրատվամիջոցները թիրախավորել են թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին ու ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային։
Անգլիական մամուլն արդեն մի քանի անգամ անդրադարձել է, որ լարվածություն կա Պոգբայի ու Ժոզեի միջև։ Դա են փաստում Ժոզեի հայտարարություններն ու թիմի կազմից Պոգբայի բացակայությունները։ Հատկանշական է, որ այս լարվածությունն ու խոսակցությունները սկսեցին քննարկվել Հենրիխ Մխիթարյանի հեռանալուց հետո։
Ինչպես հաղորդում են անգլիական պարբերականները, ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ կապ են հաստատել մի շարք գրանդ ակումբների աշխատակիցներն ու մանրամասներ են ճշտել ֆրանսիացու տրանսֆերի վերաբերյալ։
Այս լուրերից զատ պետք է նշել նաև, որ «Մադրիդի Ռեալի» ղեկավարները նույնպես դիտարկում են Պոգբայի տարբերակը, ով արդեն այս ամռանը կարող է ուժեղացնել թիմի կազմը։ Այս ամենի հետ մեկտեղ պետք է նշել նաև, որ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղն ավելի մեծ անկում է ապրում, իսկ թիմի երկրպագուներն արդեն խոսում են այն մասին, որ չեն ցանկանում թիմի ղեկին տեսնել Ժոզեին։