Սերժ Սարգսյանն այսօր առաջին անգամ է գրախանութ այցելել․ այն մասին, թե ինչու ընթերցասեր չենք
Ի՞նչ է պետք անել և ո՞վ պետք է անի՝ հայ հանրությանն ավելի ընթերցասեր դարձնելու համար։ Հարցին ի պատասխան՝ լրագրողների հետ զրույցում «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը պատասխանում է՝ Սերժ Սարգսյանն այսօր առաջին անգամ մտավ գրախանութ՝ «Բուկինիստ»։
Նա ներկայացրեց, որ պետության ղեկավարը նկատել է, որ այսօր պետականաստեղծ, պետության մասին, պետականության մասին որևէ վեպ չկա։ Մարտիրոսյանը նշեց, որ հարցրել է Սերժ Սարգսյանին, թե խաղաղության պայմանագիր ե՞րբ է կնքվելու և լավատեսական պատասխան ստացել։ Ի դեպ, երկրի ղեկավարը դատարկաձեռն չէ այցելել հրատարակչությունների տնօրեններին։ Արմեն Մարտիրոսյանին Սերժ Սարգսյանը ռուսալեզու գիրք է նվիրել՝ «Цивилизация» վերնագրով:
Վերադառնալով խնդիրներին՝ «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրը նշում է, որ Հայաստանում տպագրիչները Մաքսային միության պատճառով գրեթե դուրս են մնացել դրսի շուկայից՝ ունենալով տպագրության լավագույն որակը տարածաշրջանում։ Նույնիսկ շատ դեպքերում հայ հեղինակները նախընտրում են իրենց գրքերը տպագրել արտերկրում և բերել Հայաստան:
Եվս մեկ անգամ անդրադառնալով հարցին, թե ինչ պետք է անի իշխանությունը, որպեսզի հանրությունն ավելի շատ ընթերցի, Մարտիրոսյանը պատասխանեց, որ իշխանությունը պետք է ցույց տա, որ առանց գիտելիքի մարդը չպետք է կարողանա առաջընթաց ապրել։ Չպետք է պաշտոնը ծանոթով գրավեն, մարզպետի տղան ու քաղաքապետի ազգականները մարզի կամ քաղաքի խոշոր ներմուծողները չլինեն կամ հենց մարզպետ չդառնան։
Ներկայացնելով գրքի վաճառքի անցած տարվա ցուցանիշները՝ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ 2017-ին 25 հազար քաղաքացուց միայն մեկն է գիրք գնել։ Եվ չնայած, որ այս վիճակագրությունը տխուր է, այնուամենայնիվ, ավելի լավ է, քան դրա նախորդ տարիներին։