Կախարդական ու միստիկ գիրք, որտեղ ամեն ինչ կոդավորված է, իսկ տեքստը՝ անընթեռնելի․ «Վոյնիչի ձեռագիրը»
Արտաքինից «Վոյնիչի ձեռագիրը» գիրքը ոչնչով չի տարբերվում սովորական գրքից, սակայն երբ բացում ես այն, կարծես ինչ-որ կախարդական ու միստիկ գիրք բացես։ Գրքի հեղինակն անհայտ է, անհայտ է նաև, թե ինչ լեզվով է այն գրված, իսկ նկարազարդումները կարծես կոդավորված նկարներ լինեն, որոնց իմաստը մինչև այսօր էլ բացահայտված չէ։ Գիրքը գրվել է 1408-1438 թվականներին, սակայն հայտնի չէ, թե որտեղ։
Այն 1912 թվականին ձեռք է բերել կոլեկցիոներ Վիլֆրեդ Վոյնիչը, ում անունով էլ այն կոչվում է՝ «Վոյնիչի ձեռագիր»։ 1959 թվականին Հանս Կրուսը 24.500 դոլարով գնում է այն ու նվիրում Յելսկի համալսարանի գրադարանին, որտեղ էլ մինչև այժմ պահվում է գիրքը։ Երկար տարիներ գաղտնագրություն ուսումնասիրողները փորձել են վերատադրել տեքստը, սակայն ապարդյուն։ Գիրքը գրված է ձախից աջ, առկա են մոտ 170.000 նշաններ, նկարները գեղարվեստական նշանակություն չունեն, ակնհայտ է, որ նկարազարդողը պրոֆեսիոնալ նկարիչ չի եղել։
Գրքի ապակոդավորմամբ զբաղվել է նաև հայտնի գաղտնագրող Նյուբոլդը, ով հայտնի է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գաղտնի կոդերի բացումով։ Նա շուրջ 7 տարի փորձում էր ապակոդավորել «Վոյնիչի ձեռագիրը» և կարծում էր, որ դրա ապակոդավորման բանալին վերջին նախադասությունն է, որը, ըստ Նյուբոլդի վարկածի, հետևյալն է.
«Դու տվեցիր ինձ բազմաթիվ դռներ»։
Այս նախադասությունը գրված է մյուս նշաններից տարբեր նշաններով, ինչն էլ թույլ է տալիս կարծել, որ նրա հիմքում է ընկած մյուս նշանների բացահայտումը։ Գիրքը հասանելի է բոլորին. այն ամբողջությամբ տեղադրված է համացանցում, որն էլ հնարավորություն է տալիս բոլորին իրենց ուժերը փորձել աշխարհի ամենաառեղծվածային գրքի ընթերցանության համար։